Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. 

24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին, երբ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, որեւէ գործուղման չեն մեկնում։

Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը ենթադրում էր, որ օրենսդիրները գերակտիվ պետք է լինեն՝ թե՛ միջազգային գործընկերներին նամակներ գրելու, թե՛ տարբեր հարթակներում հարցը բարձրաձայնելու գործում, եւ գործուղումները հենց այս փուլում են առավել կարեւոր։

«Հրապարակ» թերթը գրում է. 

ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռեւս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։

«Հրապարակ» թերթը գրում է. 

ՔՊ-ում ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ապա՝ նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։

Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը եւ Ռոմանոս Պետրոսյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։

«Հրապարակ» թերթը գրում է. 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդօրինակել է Փաշինյանին՝ լայվ մտնելու, ժողովրդին առաջինը լավ լուրն անձամբ հաղորդելու եւ այլ պոպուլիստական քայլերի հարցում։ Վարդանյանի այս պահվածքը սկսել է նյարդայնացնել ոմանց, նրանք կարծում են, որ սրանով է պայմանավորված այն, որ պետնախարարը հաճախ չհաշվարկված, սխալ հայտարարություններ է անում՝ երբեմն սրելով իրավիճակը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Կառավարությունը 2023-ի հունվարից կվերանայի այն կենսաթոշակառուների ցուցակները, որոնք 3 հազար դրամ թոշակի ավելացմամբ պայմանավորված՝ զրկվել էին ամսական նպաստից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

ՀՀ ոստիկանությունը վերջերս բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում: Օրինակ՝ 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով կատարվում է 150 Skoda Octavia ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում: Նշենք, որ Skoda Octavia ավտոմեքենաներն էլ ձեռք են բերվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:

Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու տեղեկություններ, առանց մյուս կողմին լսելու: Մեզ տեղեկություններ են հասնում, որ դեկտեմբերի վերջին կայանալիք ՀՖՖ գործադիր կոմիտեի ընտրություններն ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացրել Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում սպորտային լրագրող աշխատած, ապա Ռուբեն Հայրապետյանի խորհրդական նշանակված Արմեն Նիկողոսյանը: Վերջինիս մասին մամուլում անդրադարձների պակաս չի եղել: Նա անգամ չարձագանքեց, թե ինչ ճանապարհներով է իր որդուն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է․

2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում:

Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե Լաչինի միջանցքի լայնությունը բանակցված որեւէ փաստաթղթում չի նշվել,սակայն, ինչպես շատ է լինում, այս անգամ եւս Նիկոլ Փաշինյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մանրամասները հստակ սահմանված էին, որոնք սահմանափակում չէին դնում հանրաքվեին ներկայացվելիք հարցերի առումով, այդ թվում՝ Ադրբեջանից ԼՂ-ի անջատման։ Ոչ միայն Մադրիդյան, այլեւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը: Մինչեւ հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։

ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ եւ 37 264 ադրբեջանցի։ Բանակցված փաստաթղթերում նշվել է նաեւ Լաչինի միջանցքի լայնության մասին։ Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած՝ 1997-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն։

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ունեցած տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի կրթական դեպարտամենտում տարիներ շարունակ եղել է առաջարկ Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար ստեղծել միասնական դասագիրք: Տրամաբանորեն, այն պետք է ունենար գլոբալիստական, ոչ ազգային ուղղություն և բովանդակություն: Սակայն նախկինում Հայաստանի Հանրապետության կողմից այդ ծրագիրը իրատեսական չի համարվել, և Հայաստանը չի մասնակցել դրան: Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Ժաննա Անդրեասյանի նշանակումից հետո այդ թեման վերակենդանացել է:

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Հայաստանի ԱԽ քարտուղարն ասել է, թե «Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է»: Սա, իհարկե, վաղուց նորություն չէ. քպական մի շարք «կարկառուններ» ոչ մեկ անգամ Արցախի անվտանգության ամբողջ բեռը գցել են ռուսների վրա: Օրերս այդ «ֆլեշ-մոբին» միացել էին իշխանություններին կից որոշ կուսակցապետեր, որոնք հայտնի են իրենց արևմտամոլությամբ, հակառուսականությամբ, և որոնք «արտախորհրդարանական ուժերի ակումբի» շրջանակներում պարբերաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանին: Խոսքը մասնավորաբար Տիգրան Խզմալյանի, Դավիթ Սանասարյանի, Լևոն Շիրինյանի մասին է, որոնք, ձայն-ձայնի տված, նշում էին, թե «Լաչինի միջանցքը Ադրբեջանը չի փակել, ռուսներն են փակել»:

Այս մասին առիթ ունեցել ենք նշել, սակայն հետաքրքիր նոր մանրամասներ են հայտնի դարձել: Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ սա ամենևին ինքնագործունեություն չէ, և Նիկոլ Փաշինյանն է իր արտախորհրդարանական գործընկերներին հանձնարարել՝ Հայաստանը և Արցախը կապող ճանապարհը փակելու հարցում «մեղքի սլաքները» ուղղել բացառապես ռուսների վրա, խոսքի մեջ էլ խոստանալով, որ շուտով այդ մասին կխոսեն նաև Ադրբեջանից։ Եվ ահա, հետաքրքիր «զուգադիպությամբ» նշյալ անձանց հետ նաև Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն է գրեթե նույնությամբ կրկնում նույն միտքը:

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված նիստ: Այն, որ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը՝ որոշ դեպքերում հասցեական դիմելով Ադրբեջանին, ինչպես նաև օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ անունը, ինքնին կարևոր հանգամանք է և խոսում է այն մասին, որ Հայաստանից ու Արցախից գնացող ազդակները որոշակիորեն «տեղ են հասել»։ Սակայն ապշեցնում է այս նիստի հետ կապված իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների PR ակցիան:

Բանն այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում որևէ բանաձև չի ընդունվել, եղել են սոսկ հայտարարություններ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների, դրան զուգահեռ՝ հայտարարվել է, որ ՄԱԿ-ը «ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում»: Մի խոսքով, ֆետիշացնելու և ծայրահեղությունների մեջ ընկնելու առիթ չկա, որքան էլ, կրկնում ենք, նիստն ինքնին կարևոր ու դրական էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին, ապա այստեղ որևէ նորություն չկար. մի կերպ կարդալով իրեն տրված տեքստը՝ նա հերթական անգամ փորձեց նվնվալ, ամեն ինչ «հիվանդ գլխից առողջի վրա» բարդել՝ մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին: