Մի քանի ժայռապատկերներում գիտնականները սառցե դարաշրջանի մեգաֆաունա են նկատել

Կոլումբիայի արեւադարձային անտառներում ժայռային ելուստների հնագույն նկարներում գիտնականները սառցե դարաշրջանի մեգաֆաունայի պատկերներ են հայտնաբերել: Հայտնի է, որ 12 000 տարի առաջ աշխարհի այս հատվածում ապրել են հսկա ծուլացողներ ու եղջերուներ, ինչպես նաեւ գոմֆոթերիաներ։ Ժայռապատկերների վերաբերյալ հետազոտությունը հրապարակվել է Philosophical Transactions of the Royal Society B-ում։
Սերրանիա դե լա Լինդոզայի ժայռերի վրա հայտնաբերված բազմաթիվ նկարներ պատկերում են որսի տեսարաններ եւ տարբեր գծապատկերներ՝ նվիրված տեղական բույսերի եւ կենդանիների հետ մարդկանց փոխհարաբերություններին։
Ի թիվս այլ բաների, հետազոտողները այստեղ գտել են բազմաթիվ նկարներ, որոնցում սառցակալման դարաշրջանի անհետացած մեգաֆաունայի ներկայացուցիչներ կան, այդ թվում՝ հնագույն գոմֆոթերիաներ, նախաձիեր եւ ուղտանմանների հնագույն ներկայացուցիչներ:
Հետազոտության հեղինակ, Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Իրիարտեն կարծում է, որ այստեղ ներկայացված են գրեթե բոլոր տեսակի կենդանիները, որոնք ապրել են այս տարածքում 12 000 տարի առաջ։
Որոշ հետազոտողներ կարծում են, որ պատկերների թվագրումը սխալ է, նկարներն արվել են շատ ավելի ուշ, ինչի շնորհիվ այդքան լավ են պահպանվել տեղական կլիմայական պայմաններում: Եվ այն, ինչ Խոսե Իրիարտեն համարում է հնագույն մեգաֆաունա, կարող են լինել ավելի ուշ կենդանիների պատկերներ, որոնք շատ նման են իրենց նախնիներին: