Արցախում թշնամին նորից սկսել է կրակել

Արցախում թշնամին նորից սկսել է կրակել

«Արցախում թշնամին նորից սկսել է կրակել։ Այս անգամ կրակոցները շփման գծից 400 մետր հեռավորության վրա գտնվող Նորշեն գյուղի ուղղությամբ են։ Դրանք արվում են, բացառապես, խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով։ Երեկ հենց Նորշենի մեր կուսակից ընկերներից մեկը պատմեց՝ ականատես է եղել, թե ինչպես նույն մեթոդով, ինչպես Խրամորթում, գրագետ հայերենով, թշնամին ահաբեկում է գյուղացիներին։ Գյուղի բնակիչներին բարձրախոսով սպառնում են բառացիորեն հետևյալը՝ ձեր կամքով լքեք գյուղը՝ հակառակ պարագայում, միևնույն է, դա կարվի ուժի միջոցով։ Սպառնալիքներին զուգահեռ՝ թշնամին կրակել է դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ սկսած գյուղացիների ուղղությամբ։ Սակայն Նորշենի մեր կուսակցության ներկայացուցիչն ասում է՝ գյուղի ներսում խուճապ չկա, մարդիկ հանգիստ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Խրամորթից հետո, այս անգամ՝ արդեն Նորշենում, բացառապես նույն մեթոդով դրսևորվող ադրբեջանական ԶՈՒ-ի այսօրինակ վարքը Արցախի Ազգային ժողովի պատգամավորը որակում է որպես հոգեբանական ճնշման յուրատիպ դրսևորում. «Հետաքրքիրն այն է, որ այսպիսի այլանդակություններ թշնամին, առավել հաճախ, սկսում է հատկապես կամ բերքահավաքի, կամ վարուցանքի շրջանում։ Խաղողի այգիները, մշակման ենթակա հողատարածքները շատ մոտ են շփման գծին։ Ստացվում է այնպես, որ Արցախում ապրող գյուղացին, փաստորեն, չի կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ՝ մշակել հողը, վարուցանքով զբաղվել կամ բերքահավաք իրականացնել։ Այս աշխատանքներն արդեն երկար ժամանակ անվտանգ չեն մեր գյուղացիների համար։ Երեկ, օրինակ, միջադեպին են խառնվել ռուս խաղաղապահները, նրանց անմիջական ներկայությամբ գյուղացիները փորձել են ավարտին հասցնել սկսած աշխատանքը, սակայն չի հաջողվել»,- պատմել է Մետաքսե Հակոբյանը։

Հարցին՝ արդյո՞ք առկա սահմանային բաժանումները հնարավորություն չե՞ն տալիս ինչ – որ կերպ ապահովել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների անվտանգությունը, Մետաքսե Հակոբյանը պատասխանում է՝ սահմաններ, որպես այդպիսին չկան, մետաղական լարերով բաժանարար գծեր են, որոնք, սակայն, որևէ կերպ խոչընդոտ չեն հանդիսանում, որպեսզի թշնամին մոտենա ընդհուպ շատ մոտ և անհասկանալի անասնական ձայնարկություններով կամ վարժ գրական հայերենով ահաբեկի գյուղացիներին, ինչպես նաև, սեփական հայեցողությամբ՝ կրակոցներ արձակին, ինչպես օրինակ նախօրեին՝ Նորշենում. «Երեկ ռուս խաղաղապահներն ասել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում գյուղատնտեսական աշխատանքները կիրականան անմիջապես իրենց վերահսկողության ներքո, այսինքն, իրենք կուղեկցեն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, մինչև հարցին որևէ լուծում կտրվի։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները նույնպես լարվում են ստեղծած իրավիճակից, բնական է, որ դա դուր չի գալիս նրանց։ Նրանք հասկանում են, որ ադրբեջանական կողմի այս վարքագիծն, ուղիղ կերպով վերաբերվում է նաև իրենց ներկայությանն՝ այդ տարածքներում։

Ես, անձամբ, այս հարցը մի քանի անգամ բարձրացրել եմ Արցախի Ազգային ժողովում՝ ուղիղ դիմելով Կառավարությանը՝ ի վերջո, ո՞վ պետք է երաշխավոր կանգնի այս մարդկանց անվտանգային և սոցիալական խնդիրներին։ Ցավալին այն է, որ ժողովուրդն ինքն էլ հասկանում է, որ այս իշխանության վրա, մեծ իմաստով, հույս դնել չի կարող և հաճախ, նմանօրինակ հարցերն ինչ -որ կերպ լուծում են ստանում՝ գյուղացի – խաղաղապահ անմիջական շփման արդյունքում։ Բայց, չէ՞ որ այսպիսի իրավիճակում հայտնված մարդիկ ուզում են իրենց մեջքին զգալ իշխանությունից եկող ուժն ու ապահովությունը, ինչը, սակայն, չկա, բացակայում է»,- ամփոփելով զրույցն ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։