Ադրբեջանը կրկին բամփելու է «խաղաղության խաչմերուկի» մռթին

Ադրբեջանը կրկին բամփելու է «խաղաղության խաչմերուկի» մռթին

Մի քանի օր լռելուց հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, արձագանքեց Իլհամ Ալիևին՝ առաջարկելով Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենա։
Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ սպասել խաղաղության պայմանագրից և, ի վերջո, ո՞ւր է մեզ հասցնելու իշխանությունների «խաղաղության խաչմերուկը»։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։ 

«Ես վաղուց դադարել եմ զարմանալուց, բայց կարծում եմ, որ մեր քաղաքական, փորձագիտական և լրագրողական դաշտից հերթական անգամ վրիպեց Ալիևի հարցազրույցի ամենավտանգավոր դրվագը։ Հայաստանյան մեդիադաշտը քննարկում էր ռուչկան, դուշը և մանդարին ծախողի գլխարկը, այն դեպքում, երբ ամենակարևոր և վտանգավոր թեզն այն է, որ Ալիևը, լրագրողի հարցին ի պատասխան,Ադրբեջանի տարածքի մասին խոսելիս նշում է 100.000 քկմ»,- ընդգծեց նախկին պատգամավորը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ԽՍՀՄ սահմաններով անգամ Ադրբեջանը դե յուրե չի ունեցել 100.000 քկմ տարածք, այն դե յուրե եղել է 86.600 քկմ։ Շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ամեն օր մանտրայի նման կրկնում է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ, և Ալիևի հայտարարությունը նշանակում է, որ 14.000 քկմ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանը համարում է իրենը։ 

«Պատերազմի վտանգն արդեն լրջագույն է և միջազգային վերլուծական կենտրոնները կանխատեսում են, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում Ալիևը անշուշտ կստանա վստահության քվե, որպես հաղթանակած նախագահ՝ նոր պատերազմը կլինի ավելի քան հավանական։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական սպիտակ դրոշի՝ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը անգամ մեկ միլիմետր հետ չեն քաշվելու 2021 և 2022թթ. զբաղեցրած դիրքերից։ Սա պարզապես ապտակ էր Հայաստանի «խաղաղասիրական խաչմերուկի» մռթին։ Եվ սպառազինության պայմանագրի նոր առաջարկին ի պատասխան ևս Ադրբեջանը վստահաբար կրկին բամփելու է «խաղաղության խաչմերուկի» մռթին»,- ասաց մեր զրուցակիցը։

Զոհրաբյանի խոսքով` «զաստավիտով» խաղաղություն կնքել չի ստացվելու։ 

«Այն օրակարգը, որ որդեգրել է ՀՀ իշխանությունը, համաձայնելով ամեն ինչին՝ ստորաքարշ սողալով, որ հնարավորինս արագ բերի Ադրբեջանին կնքելու խաղաղության պայմանագիր, ես հրապարակավ MediaHub-ի էջում գրազ եմ գալու՝ չի կնքելու Ալիևը որևէ խաղաղության պայմանագիր, մինչև այս իշխանությունից չստանա առավելագույնը»,- շեշտեց Զոհրաբյանը։ 

Ապա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ ինքը, որպես ամեն ինչ ձախողած ղեկավար, չի կարողանալու բանակցությունները շարունակել այնպես, որ Հայաստանի տարածքային անվտանգությունը չվնասի՝ պետք է հրաժարական տա։ Փաշինյանն ամենը շատ լավ հասկանում է, բայց ոչ, նա երբեք հրաժարական չի տա, կհամաձայնի ավելի շուտ դառնալ Հայաստանի Երրորդ հանրապետության վերջին ղեկավարը, քան կտա հրաժարական»:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, Զոհրաբյանը պատասխանեց՝ չպետք է լինի այսքան իմպոտենտ։ Ասաց, որ ԱԺ նիստերին չի հետևում, բայց պատահաբար տեսնելով ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, նկատեց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «շատ ռազմավարական հարց էր քննարկում ու ասում, եթե նախադասության մեջ ստորակետը տեղափոխենք` ամեն ինչ իր տեղում կլինի»։

«Առանց սարկազմի և չարության ուզում եմ հարցնել՝ երբ մանդատ էիք ուզում ժողովրդից, դուք մանդատը ստացել եք ստորակետը աջից ձախ տեղափոխելու համա՞ր։ Ես հայտարարում եմ, որ ես քաղաքականապես ոչնչացնելու եմ այս ընդդիմությանը, որովհետև նրանք հիմա նիկոլական իշխանության լավագույն ցեմենտ-բետոնն են։ Ես՝ որպես քաղաքական գործիչ, իմ նպատակն եմ համարում հանրությանը ներկայացնել՝ ինչի համար է ընդդիմությունը խցկվել խորհրդարան»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Մարիա Զարգարյան