Իշխանության ցինիկ հաշվարկը 

Իշխանության ցինիկ հաշվարկը 

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին և հրավիրել հանձնաժողով:

Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ պարզաբանել էր, որ իրենք ծրագրել էին հանձնաժողով հրավիրել Արցախ նախկին Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, սակայն երկու դեպքում էլ կան խոչընդոտներ. Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քրեական գործով է անցնում, հետևապես հանձնաժողովը քննարկել և որոշել է մի շարք հարցերի պատասխաններ փորձել ստանալ Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահից:

Փաստորեն, Քոչարյանի հանձնաժողովն առաջնորդվում է ինքնանպատակության սկզբունքով, քանի որ հնարավոր չի եղել հրավիրել Արայիկ Հարությունյանին ու Ջալալ Հարությունյանին, որոշել են «բերման ենթարկել» Շահրամանյանին:

Սակայն «ինքնանպատակությունն» առերևույթ է, իրականում Փաշինյանի թիմը ցինիկ սառնասրտությամբ կոնկրետ խնդիրներ է լուծում:

Իշխանության պրոպագանդան Արցախի կործանման պատասխանատու է «նշանակել» Սամվել Շահրամանյանին, թեև բանական ցանկացած մարդ հասկանում է, որ Արցախի հայկականության «դագաղի վերջին մեխը» խփել է հենց Փաշինյանը 2022թ-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությամբ:

Այնուամենայնիվ, իշխանության համար բացառիկ առիթ է՝ Արցախի կործանումը վերագրել հենց Շահրամանյանին ու Քննիչ հանձնաժողովի նիստը ծառայելու է հենց այս նպատակին:

Մյուս կողմից, իշխանությունը փորձում է ճնշում բանեցնել Արցախի վերջին նախագահի դեմ՝ առնվազն նրա լոյալ ու կանխատեսելի վարքագիծն ապահովելու նպատակով:

Վահրամ Բագրատյան