Եղել է շանտաժ, ասացին՝ «կա՛մ ազատման դիմում ես գրում, կա՛մ քրեական գործ ենք ուղարկում դատախազություն»

Նոյեմբերի 8-ը Բրյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի աշխատանքային վերջին օրն էր իր պաշտոնում: Իր ասուլիսի ժամանակ Ակոպյանը հայտնել է, որ իրեն շանտաժ են արել, իսկ այսօր երբ MediaHub-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյաննից հետաքրքրվեց, թե ինչն է ազատման իրական պատճառը, տիկին նախարարը պատասխանեց, որ «անհեթեթություններ չի մեկնաբանում»։ Մենք այսօր կապ հաստատեցինք Ցոլակ Ակոպյանի հետ պարզելու՝ ինչ զարգացումների սպասել։
«Եղել է շանտաժ, ասացին՝ «կա՛մ ազատման դիմում ես գրում, կա՛մ քրեական գործ ենք ուղարկում դատախազություն»։ Դրա ապացույցը կա, թող մի փոքր զգույշ արտահայտվի տիկին նախարարը, այլապես կհրապարակվեն ապացույցներ։ Իր համար սովորական է դարձել այն հարցերին, որոնք իրեն «ձեռք չեն տալիս», անվանել «անհեթեթություն»։ Ասել եմ ու կասեմ, որ նման նախարարը վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգության համար, քանի որ ամբողջ կրթական համակարգն ավիրած նախարարը՝ սկսած հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն, չեմ կարծում, որ ինչ-որ ասելիք կարող է ունենալ ընդհանրապես տեղի ունեցող երևույթների շուրջ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ակոպյանի խոսքով՝ վաղը ինքը դիմելու է դատարան։ Վերջին 2 տարիներին բազմաթիվ դեպքեր կարող ենք արձանագրել, երբ ընդդիմադիր հայացքների համար դասախոսներին աշխատանքից ազատում են։
«Սկզբում ժամեր չէին տրամադրում, ինչից հետո սկսվում էին հետապնդումները և, ի վերջո, հասնում աշխատանքից ազատելուն։ Նմանօրինակ դեպքեր գրանցվել են և՛ ԵՊՀ-ում, և՛ Վանաձորի համալսարանում, և՛ իհարկե Բրյուսովում։ Սակայն Բրյուսովում բացի քաղաքական հետապնդումից թե՛ Սուրեն Սարգսյանի, թե՛ իմ, թե՛ մյուսների հանդեպ քաղաքականից բացի ավելացել է նաև Գյուրջինյանի անձնական հետապնդումը։ Անձնական հարց ունի ռեկտորն ինձ հետ։ Ինքը չի հաշտվում այն փաստի հետ, որ ես մինչև վերջ պայքարող տեսակ եմ ու չեմ հանդուրժելու իր ապօրինությունը։ Ոչ մի իրավական փաստարկ չեն բերում ՝ ինչպես դարձավ ռեկտոր։ Քանի որ իրենք էլ գիտեն, որ կանոնադրության խախտումներով են հասել այդ պաշտոնին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ակոպյանը եզրափակելով նշեց, որ իր սկզբունքներին հավատարիմ մնալով նաև պետք է ապացուցի, որ ճիշտ է իրավական առումով, իսկ այլ տարբերակներ իրենց հետ շփվելու բացառեց։
«Ապօրինի ընտրված, ապօրինի 7 ամիս այդ աթոռին նստած ռեկտորի հետ ես քննարկելու ոչինչ չունեմ»,- ամփոփեց նա։
Մարիա Զարգարյան