Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, ծննդյան փարթին, ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավորի դիմումը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծննունդը:
Խնջույքին ներկա են եղել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ՔՊ խմբակցության պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը շատ ճոխ ու թեժ է անցել, ՔՊ-ականները մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել:
Միայն Նիկոլ Փաշինյանն է պասիվ եղել՝ հավանաբար աչքի չընկնելու համար, ու շուտ է լքել թիմակիցներին:
Տեղեկացանք նաեւ, որ Ալեն Սիմոնյանի «ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները՝ Արփինե Դավոյանը եւ Լուսինե Բադալյանը, չեն եղել Ալեն Սիմոնյանի խնջույքին:
Այն, որ Սիմոնյանի ու Քոչարյանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում, գաղտնիք չէ:
Կարկառուն երկու ՔՊ-ականներն իրար ատում են ու դա չեն էլ թաքցնում՝ հաճախ հրապարակավ խայթելով միմյանց:
Փաստորեն, նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ լարվածությունն անձնական դաշտ է տեղափոխվել: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, անունը տալու փոխարեն ասում է՝ «Մածիկ-մուծիկ»:
Այդպես է գրանցված Սիմոնյանի կինը սոցցանցերում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու պաշտոնազրկված դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Տեղեկացանք նաև, որ նախկին դատավորը նամակ է ստացել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լիազորությունները դադարեցրած Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով:
Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարևոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի և Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը՝ մինչև վաղեմության ժամկետը լրանա:
Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:
«ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծելու, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով, և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։
Տեղեկացնենք, որ դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս»: