Մխիթարը պատերազմից հրաշքով մազապուրծ է եղել, բայց մի օր էլ չի հասցրել մնա տանը․ Հայկազովից չի վերադարձել

Մխիթարը պատերազմից հրաշքով մազապուրծ է եղել, բայց մի օր էլ չի հասցրել մնա տանը․ Հայկազովից չի վերադարձել

«Երբ զինադադարը հաստատվեց, մենք անհամբերությամբ սպասում էինք եղբորս՝ 25-ամյա Մխիթար Արզումանյանի վերադարձին, ծառայող էր։ 2020 թվականի 44-օրյա ու 2023-ի պատերազմից նա հրաշքով մազապուրծ է եղել, բայց 3 ամիս առաջ այս օրը լքել մեզ, այրվել»,-MediaHub-ի հետ ընտանիքի պատմությունը ներկայացնում է Մխիթարի քույրը՝ Արմինե Սարգիսովան։ 

Արզումանյանների ընտանիքի բոլոր սերունդները մասնակից են հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ Արմինեն ասում է տիրոջ նախախնամությամբ  բոլորը ողջ են մնացել։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին, երբ սկսվեց պատերազմը, Արմինեն իր երեխաների ու հարևանների հետ տեղափոխվել են ապաստարան, այնտեղ թնդանոթների ձայները լռեցրել աղոթքով։ 

«Այդ ժամանակ մտքիս մեջ միայն Մխիթարն էր, դիրքերում մեզ համար կռիվ տվող տղաները։ Աղոթել ենք բոլորի համար, որ չզոհվեն։ Կապ չկար, նրանից տեղեկություն իմանալու համար ես ամուսնուս հետ ոտքով այդ կրակոցների տակով անցել եմ, հասել մորս տուն, որ լուր իմանամ։ Այդ օրը մի կերպ անց ենք կացրել։ Ուշ գիշերին հեռախոսիս հաղորդագրություն է թողել, ընդամենը՝ «Արմի՞ն», ուրախացել էի, ողջ էր, չնայած հետզանգ հնարավոր չէր»,- պատմում է քույրը, մանրամասնելով իր ու ընտանիքի ծանր ապրումները։

«Մի քանի օր հետո, երբ կապը վերականգնվել է, ասաց սպասում ենք հրամանի, որ իջնենք։ Ասացի, ո՞ւմ հրամանին, ո'չ բանակ ունենք, ո'չ պետություն, ո'չ հայրենիք։ Քաղաքը ծխի մեջ կորած, ամեն ինչ վառում են, շատերն արդեն պատրաստվում են դուրս գալ»,֊հիշում է քույրը։

Մխիթարը Մարտակերտի դիրքերից վերադարձավ սեպտեմբերի 24-ին միայն։ Օրերով մարտական ընկերների հետ մնացել է շրջափակման մեջ։ Հյուծված էին, անքուն, հոգնած ու սոված։ Արմինեն մի կողմ է թողել ապրումներն ու շտապել մայր տաճար, Աստծուն գոհություն հայտնելու՝ եղբոր վերադարձի համար։ 

Լեյտենանտ Մխիթար Արզումանյանն ամուսնացած էր, 2 աղջիկների հայր։ Քույրն ասում է, որ նրա վերադարձով տանն անչափելի ուրախություն էր։ «Երեխան ամեն օր ասում էր «մամա, բա Մոսոն խե՞ կյամ չի»,-հիշում է Արմինեն։ 

Նախքան հերթափոխը Մխիթարը վաճառել էր իր անձնական օգտագործման ավտոմեքենան։ Ընտանիքը տեղափոխելու համար մեկ այլ մեքենա է գտնում, հաջորդ օրը պետք է վառելիքի հարցը լուծեր, որ հարազատների հետ բռնեին գաղթի ճանապարհը։ 

«Բարակ անձրև էր մաղում։ Մենք բացարձակապես տրամադրություն չունեինք։ Երեկոյան գնացել են վառելիքի հետևից ու այդպես էլ չի եկել։ Փաստորեն, ամսի 24-ին տուն է եկել, բայց մի օր էլ չի հասցրել մնա տանը, երեխաներից կարոտն առնի։ Հետո եմ իմացել, որ 12 հոգով են գնացել Հայկազով, ու նրանցից միայն եղբայրս չի վերադարձել»,-արտասվում է Արմինեն, անիծում այդ օրը, որ հարյուրավոր ընտանիքների կյանքեր է խլել։ 

«Դժոխքի մասին լսել ենք, բայց ո՞վ կպատկերացներ, որ կտեսնեի։ Ամենավատ բանն այն էր, որ գետնին ընկած կիսավառված հեռախոսը զանգում էր, բայց չգիտես, վերցնես ի՞նչ պատասխանես։ Ես կյանքիս մեջ չեմ մոռանա այդ օրը, օրերով մեր որոնումները, անճար, կիսամարդ դարձած հարազատների վիճակը»,-ասում է Արմինեն։ 
Սպասելու էլ բան չկար, սեպտեմբերի 27-ին  Արզումանյանների ընտանիքը հրաժեշտ է տալիս հարազատ քաղաքին ու տանը, բռնում գաղթի ճամփան։ «Ճանապարհին ադրբեջանցիները միացրել էին բարձր երաժշտություն ու ծաղրում էին մեզ։ 2  օր անց հասել ենք Հայաստան։ Կոռնիձորում մերոնք քաղցրավենիք են հյուրասիրել երեխաներին, ուրախությունից լացել եմ»։ 

Հոկտեմբերի 1-ին հայրը Երևանում ԴՆԹ թեստ հանձնեց, հուսալով, որ երբեք այդ կենտրոնից զանգ չի ստանա։ «Բայց, հոկտեմբերի 16-ին որբացանք... առանց Մխոյի դատարկություն է»։ 

Հրամանատարը Մխիթարի մասին այնպիսի մարտական ուղի է ներկայացրել, որ անգամ ընտանիքի հարազատներն են զարմացել։ «Մարտական էր, նվիրված, անգամ այդ ծանր օրերին հասցրել է ՊԲ մեքենայով քաղաքացիական անձանց տարհանել անվտանգ գոտիներ։ Այդքանով հանդերձ դաժան մահի արժանացավ։ Բոլորս դատարկ ենք, անչափահաս երեխաները, որ առանց հայր պիտի մեծանան, հարսս, որ այդքան ջահել տարիքում այրիացավ, մայրս, որ Մխիթարի կորստով կես մարդ է դարձել»...

Հունան Թադևոսյան