Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (27.12.2023)

1. Արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի առանձնազրույցը: Առանձնազրույցից հետո կայացել է Միրզոյանի և Աբդոլահիանի համատեղ մամուլի ասուլիսը: Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել այսօր: 
2. Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վավերացման արձանագրությունը։ Որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը կայացած հանդիպմանը: Այժմ փաստաթուղթը քվեարկության կդրվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստում: Հիշեցնենք, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վավերացման գործընթացը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սկսվել է 2023-ի հոկտեմբերին։
3. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 90 կիլոմետր հյուսիս ընկած Տոհանի քաղաքում զբոսաշրջային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 3-ը անհետ կորած են, որոնցից երկուսը երեխաներ են։
4. Թաիլանդի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից վեց մարդ է զոհվել, մեկը անհետ կորել է Նարաթիվատ նահանգում։ Թաիլանդի աղետների կանխարգելման և օգնության դեպարտամենտի տվյալներով՝ ջրի մակարդակը, որը վերջին օրերին որոշ շրջաններում հասել է երեք մետրի, սկսել է աստիճանաբար նվազել: