Փաշինյանն ու կինը հարսանիք են ունենալու, ընտրություններից մի քանի օր առաջ Աննան հարսի շոր կհագնի

Փաշինյանն ու կինը հարսանիք են ունենալու, ընտրություններից մի քանի օր առաջ Աննան հարսի շոր կհագնի

2026-ին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիք կանեն, ու չզարմանաք, որ Աննան հարսի շոր կհագնի, երկու գառ կմորթեն ու հրապարակում կբաժանեն մարդկանց։ MediaHub-ի հետ զրույցում Փաշինյանի վերջին տեսանյութն այսպես է մեկնաբանում հոգեբան Միհրդատ Մաթադյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որում պատմում էր՝ ինքն ու կինը ո՛չ եկեղեցով և ո՛չ էլ ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն, բայց դա չի խանգարում, որ իրենք 27 տարի սիրով ու համերաշխ ապրեն միասին։

«Չամուսնացած չլինելն առիթ է, որ իրենք հարսանիք անեն, ինչը նախընտրական փուլում բավականին օգուտ կբերի Փաշինյանին․ նորափեսա, նորահարս թեման հասարակության մեջ բավականին հետաքրքիր ընկալում կունենա։ Ու չեմ կասկածում, որ Աննան հարսի շոր կհագնի»,- նկատեց հոգեբանը։

Հարցին, թե արդյո՞ք ավելի լուրջ հարց չկա այստեղ, օրինակ այն, որ «ընտանիքի» մոդելն արժեզրկելու համար հերթական օվերտոնի պատուհանն է բացվում, Միհրդատ Մադաթյանը պատասխանեց, որ այստեղ նման խնդիր չկա, քանի որ Փաշինյանը միշտ է պայքարել «ընտանիք» արժեքի դեմ։

«Նրա ընտանիքը միշտ դուրս է եկել «ընտանիք» արժեքին դեմ։ Ինքը միշտ ասել է, որ ընտանիքը հնացած սուբյեկտ է։ Իսկ մենք պետք է հիշենք, որ ընտանիքը հասարակության բջիջն է, և մենք քանդելով այդ բջիջը, բնականաբար վնասում ենք ամբողջ հասարակությանը։ Եթե պետության ղեկավարը խոսում է այն մասին, որ թքած ունի ամուսնությունները պետականորեն գրանցող համակարգի (ՔԱԿԳ - խմբ․) վրա, ցույց է տալիս, որ թքած ունի պետության վրա։ Ընտանիքի գրանցումն, իրականում, ընտանիքի կայացման հետ կապ չունի, բայց դա հավաստիքներից մեկն է, որ այդ ընտանիքը կա»,- նշեց հոգեբանը։

Բացի այդ, ըստ նրա, Փաշինյանը այս ձևով փորձում է ցույց տալ, որ թքած ունի նաև եկեղեցու վրա, այսինքն՝ ոչ մի սրբություն չունի։

«Այսինքն՝ այս երկու համակարգերը՝ պետություն և եկեղեցի, հերթական անգամ ոչնչացվեց Փաշինյանի կողմից։ Դրանք, ըստ նրա, արժեք չունեն»,- նշեց Մաթադյանը։

Հոգեբանի դիտարկմամբ՝ փաստացի, այս հոլովակով Փաշինյանը երեք հարց լուծեց՝ նախ ցույց տվեց, որ իր համար ընտանիքը երկրորդային դեր ունի, որ եկեղեցին ու պետությունը արժեք չունեն և այս փուլում ամենակարևորն իր համար՝ շուտով հարսանիք կազմակերպել ու հանրությանը հերթական պոպուլիստական քայլով կերակրել ընտրություններից առաջ։

«Ժողովրդի համար հերթական բրազիլական սերիալն է նախապատրաստվում նկարել Փաշինյանը։ Ուրիշ բան չկար այս տեսանյութում․ բամբասանքային մակարդակում արված բան է, որ հաստատ հետաքրքիր է հանրության ոչ այնքան կիրթ շերտի համար։ Տեսեք, կիրթ մարդուն սա հետաքրքիր չէ, դա շատ ինտիմ հարց է, ու որևէ գիտակից մարդու չի էլ հուզում՝ եկեղեցով ամուսնացա՞ծ է Փաշինյանը, թե՞ ոչ։ Դա արվեց հանրության բամբասող շերտի համար․ դե նման քայլերով նրանց կառավարելը հեշտ է»,- ամփոփեց խոսքը Միհրդատ Մադաթյանը։

Նարե Գնունի