Զոհեր, ավերված տներ, դպրոցներ, եկեղեցիներ․ ի՞նչ վիճակ է Թուրքիայի և Սիրիայի հայ համայնքներում

Զոհեր, ավերված տներ, դպրոցներ, եկեղեցիներ․ ի՞նչ վիճակ է Թուրքիայի և Սիրիայի հայ համայնքներում

Ժամը 14։00-ի դրությամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Մալաթիա քաղաքում ունենք երկու հայ զոհ, ամուսիններ են։ Իսկ Սիրիայում՝ Հալեպում 2 զոհ ունենք, ընտանիք է՝ մայր ու որդի։

Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ընդգծենք, որ Լիբանանում ևս երկրաշարժ է գրանցվել և հարցին, թե արդյո՞ք Լիբանանում հայ տուժածներ կան, վերջինս պատասխանեց, որ նման տեղեկություն այս պահին չկա։

«Մեծ խնդիրը Սիրիայի հյուսիսում է, ավերվածություններ, վնասված շինություններ կան․ եկեղեցիներ, դպրոցներ, քանդված պատեր, փլուզված առաստաղներ։ Թուրքիայի տարածքում հայկական գյուղերից Վաքըֆը ավերիչ վնասներ չի կրել, եկեղեցիներից տուժել է Իսքենդերունի եկեղեցին»,-ասաց նա։

Ալեքսանյանը փոխանցեց, որ հիմա մոնիտորինգ է արվում, որպեսզի հասկանան, թե վնասներն ինչ չափի են։

«Մարդիկ տարհանված են, հետցնցումներ չկան»։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել. հայտնում են սեյսմոլոգները։

Նոր երկրաշարժ է զգացվել Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի մի քանի այլ նահանգներում ևս. հայտնում է SANA գործակալությունը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ևս զգացվել են նոր ցնցումները. սոցցանցերում օգտատերերը հրապարակում են տեսանյութեր:

Լիաննա Թորոսյան