Արտաքին խաղացողների համար միևնույն է ՀՀ իշխանությունների բարբաջանքը խաղաղության մասին

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սա փաստ է, բայց Երևանի դիրքորոշումը անհասկանալի է: Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մի շարք հայտարարություններ անելով Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության գործընթացի մասին։
Այս հարցի և հետագա զարգացումների շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ։
«Ըստ էության, ստորագրման մասին պետք է ֆիքսել այն, որ Բաքուն ստացել է այն ամենը, ինչ ուզում էր եվրոպացիներից՝ զրոյական արձագանք: Ինչ վերաբերում է գործնական քայլերին, Արցախի ոչնչացման և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նկրտումներին, մենք հաշվի չենք առնում՝ կոչերը, ռեզոլյուցիաները, հայտարարությունները։ Գեթ մեկ պատժամիջոց չի կիրառվել քաղաքակիրթ ու առաջադեմ Եվրոպայի կողմից ՀՀ տարածքների օկուպացիայի մասով»,- նշեց նա։
Աբովյանի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է յուրաքանչյուր հարթակում՝ ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Բրյուսելում, կամ Գրանադայում ստորագրել և ֆիքսել Արցախի ապալեգիտիմությունը։ Այն, ինչ այս իշխանությունը կամ Ադրբեջանն անվանում են «խաղաղության պայմանագիր», ամենևին էլ խաղաղ պայմանագիր չէ, այլ ստեղծված իրավիճակի լեգիտիմացումն է։
«Արտաքին խաղացողների համար միևնույն է ՀՀ իշխանությունների բարբաջանքները խաղաղության կամ չգիտես ինչի մասին, իրենք իրենց շահերն են պաշտպանում։ Մոսկվան այս հայտարարությամբ ասում է, որ կային ինչ-որ խաղի կանոններ, որոնք քննարկվել էին վերբալ ֆորմատով, բառացի կերպով և Ադրբեջանն այդ խաղի շրջանակներում պատրաստ է ռուսական հարթակը դիտարկել ստորագրման վայր։ Ըստ իս՝ 50/50 է Ռուսաստանում ստորագրման արձանագրումը, քանի որ խնդիրն այն է, որ հայկական կողմն իր քաղաքականությամբ հակադրվում է ոչ միայն և ոչ այդքան Ռուսաստանին, Ադրբեջանին կամ Թուրքիային, այլ հակադրվում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը։ Ռուսաստանն ասում է՝ «եթե իմ մոտ ես ստորագրում, ապա ես գարանտ եմ»»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Լավրովի հայտարարությունը, շարունակեց նա, այսօր ևս մեկ անգամ կրկին ի սպառ հերքեց այն ստահոդ լուրերը, թե Ռուսաստանը պահանջում է միջանցք։ Ըստ Աբովյանի՝ միջանցք, ըստ էության, պահանջում են Եվրոպան և Միացյալ Նահանգները, որի ենթակառուցվածքների կառուցման համար պատրաստ են վճարել 2 միլիարդ 600 միլիոն դրամ Հայաստանին։
Լավրովը նաև նշում է, որ հայկական կողմը չի ուզում, որ ռուս սահմանապահները Սյունիքում կանգնեն, թեև սա գրված է և ստորագրված է Նիկոլ Փաշինյանի կողմից, իրենք չեն ուզում, որ չեզոք մաքսային և սահմանային հսկողություն լինի, և դա հակասում է համաձայնեցվածին։
«Ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում վաղուց է, և այսօր էլ հայ-թուրքական սահմանին հայ և ռուս սահմանապահները միասին են կանգնած։ Խնդիրը նրանում է, որ Փաշինյանը խաղը փորձում է տարել հետևյալ ուղղությամբ. տարածաշրջանի գլոբալ ռազմական վերահսկողությունը արևելյան՝ ռուս-իրանական վեկտորից դեպի արևմտյան՝ թուրք-ադրբեջանական ուղղությամբ տանել»,- եզրափակեց Աբովյանը։
Մարիա Զարգարյան