Աշխարհի մակարդակով ամենախոշոր մշակութային ցեղաuպանությունն իրականացվում է Արցախում

Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը բռնազավթված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն, ու այս ամենն աշխարհի գերտերությունների, միջազգային կազմակերպությունների և այն մարդասիրական կազմակերպությունների աչքի առաջ, որոնք հաճախ իրենց հայտարարություններում մատնանշում են մարդու հիմնարար իրավունքները և համամարդկային արժեքները:
«Որպեսզի պարզ լինի, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը՝ ամեն շաբաթ մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոնները իրենց մշտադիտարկումներով արձանագրում են երկու հուշարձանի հանդեպ վանդալիզմ կամ ոչնչացում։ Ադրբեջանը նպատակային և համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաները և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Այլևս խոսքը չի վերաբերում միայն պատմա-ճարտարապետական հուշարձանների կամ եկեղեցիների ավերմանը, գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ»,- MediaHub-ի հետ զրույցում նշում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը:
Արցախի հայկական հետքը վերացվում է ամենօրյա ռեժիմով, Ավանեսովի համոզմամբ՝ այս հանցագործությունն իրականացվում է պետության ամենաբարձր մակարդակով, անմիջապես Իլհամ Ալիևի հրահանգով:
«Այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի Քարին տակը, Հադրութի շրջանի Մոխրենեսն ու Մարիամաձորը, ինչպես նաև Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում գտնվող պատմական արժեք ներկայացնող կառույցները, որոնց թիվն անընդհատ աճում է: Այս շարքը համալրեց ևս մեկ գյուղ․ հիմնահատակ ավերվում է Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ադրբեջանը հիմնովին ավերել նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Միջազգային հանրության անգործությունը, համարժեք արձագանքի բացակայությունը և նույնիսկ որոշ երկրների ղեկավարների ապօրինի այցերը բռնազավթված տարածքներ, նրանց ադրբեջանական քարոզչության գործիքներ դարձնելը, վկայում են այն մասին, որ նրանք ոչ միայն աչք են փակում կատարվող հանցագործությունների վրա, այլև դառնում են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները»,- նշում է մեր զրուցակիցը:
Ի վերջո, որևէ ժողովրդի մշակույթի ոչնչացումը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Իսկ պատերազմների ժամանակ մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար ևս սահմանվում է պատիժ` միջազգային իրավունքի բոլոր նորմերով ու կոնվենցիաներով։
«Մինչդեռ այսօրվա միջազգային հանրության համար կարևորը համամարդկային արժեքները չեն։ Արցախի մշակութային ցեղասպանության հանդեպ բառացիորեն զրո արձագանքը այս փաստի վկայությունն է»,- հավելեց կովկասագետը։
Հունան Թադևոսյան