Պեկինն անվտանգությանն առնչվող Ռուսաստանի մտահոգություններն անվանել է օրինական

Փետրվարի 26-ին ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջունը ողջամիտ է անվանել Ռուսաստանի՝ անվտանգության ոլորտին առնչվող մտահոգությունները։
«Մենք կարծում ենք, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել՝ այլ երկրների անվտանգությունը խաթարելով։ ՆԱՏՕ-ի ընդլայնման հինգ ալիքների ֆոնին Ռուսաստանի անվտանգության ողջամիտ նկրտումները պետք է ուշադրության արժանանան և համապատասխան կերպով կատարվեն»,- ասել է նա:
Ջունը կարծում է, որ Ուկրաինան պետք է կամուրջ դառնա Արևմուտքի և Արևելքի միջև։ Նա կոչ է արել «բոլոր համապատասխան կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, նվազեցնել լարվածությունը և խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից»:
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի խոսքով, «ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորումը պահանջում է սառը պատերազմի մտածելակերպից հրաժարում, անվտանգության ոլորտում բոլոր երկրների ողջամիտ մտահոգությունների հանդեպ լիարժեք հարգանք»։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը օգտագործել է վետոյի իրավունքը՝ արգելափակելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հատուկ գործողության վերաբերյալ բանաձևի նախագիծը։