Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (19.12.2023)

1. Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովը։ Հայաստանը չի մասնակցում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ 2024 թվականի ընթացքում պլանավորված են 7 համատեղ զորավարժություններ, որոնք անցկացվելու են Ռուսաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղըզստանում։
2. Պուտինը կմասնակցի նախագահական ընտրություններին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Գործող նախագահը ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված թեկնածու։ 
3. Դեկտեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինն անցկացրել է Պաշտպանության նախարարության՝ Կրեմլի կոլեգիայի ընդլայնված կազմով նիստ: Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ամփոփվել է 2023 թվականին ՌԴ ԶՈւ գործունեության արդյունքները, սահմանվել հաջորդ տարվա խնդիրները, ռուսական բանակի և նավատորմի հետագա զարգացման առաջնահերթությունները ։ 
4. Մի շարք երկրներ համաձայնել են Կարմիր ծովում և Ադենի նեղուցում համատեղ պարեկություն իրականացնել` առևտրային նավերը Եմենի ապստամբ հուսիթների հարձակումներից պաշտպանելու համար։ Հուսիթները աջակցում են պաղեստինցիներին և հայտարարել են, որ Իսրայել ուղևորվող բոլոր նավերը կենթարկվեն հարձակումների։ Մի շարք հարձակումներ արդեն տեղի են ունեցել, ամերիկյան ռազմանավերը ոչնչացրել են հուսիթների արձակած հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։
5. Չինաստանի հյուսիս-արևմուտքում ուժգին երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է առնվազն 118 մարդ, ավելի քան 500 մարդ վիրավոր է: Երկրաշարժը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ Գանսու նահանգում։ Այնտեղ հարյուրից ավելի մարդ է զոհվել: Զոհեր կան նաև հարևան Ցինհայ նահանգում։