Գնաճ ու գնանկում. ի՞նչն է թանկացել, և ի՞նչն է էժանացել

Հայաստանի Հանրապետությունում 2022թ-ի համեմատ շոշափելիորեն նկատելի է գնաճը, ընդ որում ոչ միայն սննդամթերթի ու վառելիքի, այլև մյուս ապրանքատեսակների մասով:
Սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած ավանդական ամենամյա սպառողական գների ինդեքսի 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշներից պարզվում է, որ ՀՀ սպառողական շուկայում կա թե՛ գնաճ, թե՛ գնանկում։
MediaHub-ը համեմատական անցկացրեց 2022թ. և 2023թ. բենզինի, դիզելային վառելիքի և սննդամթերքի գների մեջ:
Ըստ այդմ, 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է բենզինի 10.8% գնաճ և դիզելային վառելիքի 6.2% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 24.9% և 1.1%-ով: 2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.7% գնաճ:
Համեմատական անցկացնելով սննդամթերքի գների միջև՝ տեսնում ենք, որ սույն թվականի նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.4% գնանկում։
Այսպես, տավարի մսի գինը 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, թարմ կաթինը՝ 3.4%-ով, խոզի և ոչխարի մսի գները նվազել են՝ 11.0% և 2.0%-ով:
Վիճակագրական կոմիտեն նաև առանձին բանջարեղենի և մրգի գներն է հրապարակել. բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.0% գնանկում, իսկ մրգեր ապրանքախմբում նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.1% գնանկում։
Նշվում է, որ ՀՀ դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2-0.6%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր հավելաճ արձանագրվել է Հրազդան քաղաքում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով։
Մարիաննա Արամյան