Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայեր են զոհվել․ Ավո Քոշաֆյան

Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայեր են զոհվել․ Ավո Քոշաֆյան

Զոհերի շրջանում հայեր էլ կան, մարմնական վնասվածքների մասին հիմա ոչինչ ասել չեմ կարող, հստակ բան չկա։ Ազիզեի թաղամասում երկու ընտանիք կա, հայ մոր, հոր և զավակի դիակ են հանել, եղբոր դիակը չեն կարողանում հանել։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի Հալեպի հայ համայնքի անդամ Ավո Քոշաֆյանը՝ խոսելով Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի մասին։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Նախնական տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 237-ի: 

«Նյութական և մարմնական վնասվածքներ, բնականաբար, կան, բայց չեմ կարող ասել, թե քանիսն են, քանի որ հեռախոսային կապերը կտրված են, զանգել չենք կարողանում։ Միայն կարողացան ինտերնետ կապով փոխանցել, որ բոլորը տարհանվել են, առանց որևէ բան իրենց հետ վերցնելու։ Հիմա գնում ենք այդ ուղղությամբ, որ մեր ընկերներին հասնենք, բժշկական օգնություն, սնունդ և այլն, հիմա փորձում ենք հասցնել իրենց։ Դպրոցներն ու ակումբներն ենք բացում, որ այն հայ ընտանիքները, որոնց տունը փլվել է, այնտեղ մնան»,-ասաց նա։ 

Քոշաֆյանը փոխանցեց, որ ուժգին անձրև է այս պահին Հալեպում և շատ գործողություններ անել պարզապես հնարավոր չէ։ 

«Եվս մեկ հայ ընտանիք կա, այդ փլված շենքում, բայց հստակ բան ասել չենք կարող, քանի որ չգիտենք՝ ներսում են եղել, թե դրսում։ Հալեպում ամենաուժեղ ցնցումն էր, անբացատրելի էր, 2․5-3 վայրկյան տևեց, չկարողացանք տներից էլ փախնել։ Ոչ թե մի ցնցում էր, այլ շենքը լրիվ շարժվում էր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան