Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (25.01.2024)

1. Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Իրանի և Թուրքիայի միջև համատեղ համագործակցության 10 փաստաթուղթ է ստորագրվել: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ Անկարայում կայացել է իրանա-թուրքական համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը։ Իրանի և Թուրքիայի իշխանությունները՝ երկու երկրների նախագահների ներկայությամբ 10 համատեղ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ 

2. Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են: Ֆերմերները հրկիզել են անվադողերի մի հսկա կույտ և խոտի դեզեր: Նաև գոմաղբ են լցրել տեղի վարչական շենքի դարպասներին։ 

3. Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները՝ քննարկելու երկկողմ անվտանգության և պաշտպանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ռուս պաշտոնյան ասել է, որ երկարաժամկետ համագործակցության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի կհասցվեն։

4. Հյուսիսային Կորեան նոր ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել: Այն դեռ մշակման փուլում է, և փորձնական կրակոցը ոչ մի ազդեցություն չի ունեցել հարևան երկրների անվտանգության վրա, հայտնում են պետական լրատվամիջոցները՝ հավելելով, որ այն «ոչ մի կապ չունի» տարածաշրջանային իրավիճակի հետ։