Լայնածավալ պատերազմ այս փուլում չի լինի․ ռազմական փորձագետ

Լայնածավալ պատերազմ այս փուլում չի լինի․ ռազմական փորձագետ

Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի․ վերջին օրերին թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից նման հայտարարություններ են հնչում։ Արդյո՞ք իրապես մեծ է նոր պատերազմի վտանգը, ի՞նչ է պետք անել, որ նվազագույն վնասները լինեն թշնամու հերթական հարձակումից։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո ամեն պահի էլ էսկալացիայի վտանգ կա, և ինքը միշտ էլ այդ մասին բարձրաձայնել է։

«Ադրբեջանը դեռևս հարցը չլուծված է համարում, և պատրաստվում է պատերազմի։ Հիմա էլ այդ վտանգը կա։ Բայց այս փուլում, կարծում եմ, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի գնա, կլինեն լոկալ բախումներ, բայց լանածավալ էսկալացիա այս փուլում չի լինի։ Ու դա ոչ այն պատճառով, որ ռազմապես պատրաստ չէ Ադրբեջանը, այլ այն, որ ինքը փորձում է համախոհներ գտնել, որ կարողանա լեգիտիմացնել իր ռազմական ագրեսիան։ Այնպես որ, հենց այդ առումով համախոհներ ունեցավ, այդ ժամանակ էլ կսկսի լայնամասշտաբ ագրեսիա»,- նշեց ռազմական փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամին կգնա պատերազմի, եթե անգամ ստորագրվի «խաղաղության պայմանագիրը», ինչն, իհարկե, շատ քիչ հավանական է՝ ըստ փորձագետի։

«Այդ պայմանագիրը չի ստորագրվելու, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեն՝ միջանցքի տեսքով։ Եվ անգամ եթե ստորագրվի «խաղաղության պայմանագիր» կոչվածը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը չի սկսի ռազմական գործողություններ Հայաստանի դեմ»,- նկատեց նա:

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ այս համատեքստում շատ կարևոր է զինվորների ռազմական ոգին բարձրացնելու համար քայլեր ձեռնարկելն ու իրականացնելը։

«Բարձրաստիճան սպաների ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն, և պաշտոնաթող սպաների շրջանակում է հիմնականում։ Այդ սպաները ինչ-որ դեպքերով խնդիրներ են ունեցել այս իշխանության հետ։ Բայց զինվորի բարոյահոգեբանական վիճակի վրա այս ամենն այդքան չի ազդում, որքան բանակի՝ չպատրաստվելը սպառազինության ու արդիականացման տեսքով»,- կարծիք հայտնեց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նվազագույն կորուստներ ունենալու համար պետք է Հայաստանը փորձի դաշնակիցների հետ հարաբերությունները բարելավել, նոր դաշնակիցներ գտնել, որոնք պատերազմի օրերին կկանգնեն իր կողքին։

Նարե Գնունի