Որոշ դերակատարներ անտեսում են տարածաշրջանում վտանգի աղբյուր հանդիսացող փղին՝ սենյակում մուկ փնտրելով․ Հարությունյան

Տևական ժամանակ է՝ Բաքուն պնդում է, որ Լաչինի միջանցքը նախատեսված է հումանիտար բեռների տեղափոխման համար միայն, և որ իբր միջանցքի օգտագործումն Արցախի տնտեսական զարգացման կամ անվտանգության ապահովման նպատակներով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ արգելվում է։ Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ Բաքուն նպատակ է հետապնդում Լաչինի միջանցքի նկատմամբ հաստատելու անձնագրային և մաքսային սեփական վերահսկողություն, ինչի ուղղությամբ էլ վերջին օրերին լրացուցիչ ագրեսիվ ու ապօրինի գործողություններ է կատարել։
«Իրականում նշյալ՝ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետում խոսվում է Լաչինի միջանցքի ստեղծման մասին, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և որը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում և ավելի ուշ ընդունված մյուս եռակողմ փաստաթղթերում որևէ հիշատակում չկա քաղաքացիների մուտքի և ելքի սահմանափակումների, ներմուծվող և արտահանվող բեռների դասակարգման, ինչպես նաև օգտագործվող փոխադրամիջոցների տեսակների մասին։ Ամեն դեպքում, նույնիսկ այդ պարագայում մենք մշտապես պատրաստ ենք եղել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով բեռնափոխադրումների թափանցիկության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ շրջանակներում ռուսական կողմին քանիցս առաջարկել ենք տեղադրել համապատասխան տեխնիկական սարքեր՝ իրենց կողմից իրականացվող վերահսկողության բարելավման նպատակով»։
Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ վարքի պայմաններում առնվազն ընկալելի չէ որոշ դերակատարների ուշադրության ու խոսույթի սևեռումը զուտ հումանիտար հարցերի և բեռնափոխադրումների լրացուցիչ վերահսկողության վրա: Դա նշանակում է, որ նրանք անտեսում են ողջ տարածաշրջանում վտանգի միակ աղբյուր հանդիսացող փղին՝ սենյակում մուկ փնտրելով:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակի լուծումներին՝ Արցախի նախագահը նշել է․ «Մեր վճռական ու երկարատև պայքարն է՝ մեր համազգային ողջ կարողությունների համախմբման ու արդյունավետ իրացման միջոցով: Արցախի ժողովրդի ինքնորոշման բնական ու անառարկելի իրավունքը, վերջիվերջո, պետք է հաղթանակի, որի ճանապարհին Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի աներեր ու անմնացորդ սատարումը պարզապես անհրաժեշտ պայման է»:
Եթե մենք կարողանանք բավարար կամք ու կարողություն ցուցաբերել այս պայքարում՝ այս փուլում առնվազն կանխելու մեր կենսական շահերի հաշվին անդառնալի զիջումներն ու կորուստները, ապա դրա շնորհիվ և՛ կկարողանանք երկարատև պայքար մղել մեր հայրենիքի պաշտպանության ու ազատության համար, և՛ աստիճանաբար կշահենք պատշաճ միջազգային ուշադրություն ու աջակցություն: Վերջիվերջո, հաջողում են միայն պայքարող ազգերը, իսկ իրավունքներն այս աշխարհակարգում չեն տրվում հենց այնպես, դրանք վաստակում ու պահպանում են շարունակական պայքարով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում