Հայտնաբերվել է ամենախորը խորտակված նավը

Հետազոտողները հայտնաբերել են ամենախորը խորտակված նավը, հայտնում է BBC լրատվականը եւ հավելում, որ այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորտակված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող կործանիչ է:
USS Samuel B Roberts կործանիչը խորտակվել է Ֆիլիպինյան ծովում Սամարի ճակատամարտի ժամանակ՝ 1944 թվականի հոկտեմբերին։ Այն խորտակվել է 6895 մետր խորությամբ:
Նավը գրեթե անվնաս վիճակում հայտնաբերել է տեխասցի մուլտիմիլիոնատեր Վիկտոր Վեսկովան:
Նավը հայտնի է դարձել ճապոնացիների հետ հերոսական վերջին ճակատամարտով: Այն կարողացել է կանգնեցնել թշնամու առաջխաղացումը: Նավի անձնակազմի 224 անդամներից 89-ը զոհվել են, իսկ փրկվածները 50 ժամ փրկարար նավակների վրա օգնության են սպասել:
Վեսկովոն, ով ժամանակին ծառայել է նավատորմի ռեզերվում, նշել է, որ նավը հայտնաբերելը եւ դրանով նրա հերոսական պատմությունը վերապատմելը պատիվ է իր համար:
Նավի խորտակման խորությունը պատկերացնելու համար պետք է նշել, որ համաշխարհային օվկիանոսի հատակի 98%-ը 6000 մետրից պակաս խորություն ունի: Միայն մեծ տեկտոնական իջվածքներն են ավելի խորը։
Սամար կղզու ճակատամարտը համարվում է պատմության մեջ ամենամեծ ծովային մարտերից մեկը։