Կինն ամուսանացել է ինքն իր հետ ու քննադատության արժանացել․ որքա՞ն է նա ծախսել «հարսանիքի վրա»

Կինն ամուսանացել է ինքն իր հետ ու քննադատության արժանացել․ որքա՞ն է նա ծախսել «հարսանիքի վրա»

Միացյալ Նահանգների մի բնակչուհի ամուսնացել է ինքն իր հետ և բախվել առցանց վիրավորանքների։ Այս մասին նա խոսել է YouTube-ի Love Don't Judge ալիքին տված հարցազրույցում։

Կալիֆորնիայի Լոս Անջելեսից Դենի Էվանսը փոքր տարիքից երազել է ամուսնանալ։

Նա միշտ հավատում էր, որ հարսանիքը, առաջին հերթին, հարսի տոնն է։ Հետևաբար, երբ փեսացուի որոնումները ձգձգվել են, որոշել է առանց նրա հարսանիք անել և ինքն իր հետ է ամուսնացել։

Էվանսն իր ծրագիրն իրականացրել է 2022 թվականին։ Հարսանեկան արարողության վրա նա ծախսել է 4 հազար դոլար։ Շուտով համացանցում հայտնի է դարձել նրա անսովոր հարսանիքի մասին: Այդ պահին կինը բախվել է քննադատությունների տարափի։ Շատերն Էվանսին անվանել են նարցիսիստ ու ծաղրել նրան ավելորդ քաշի համար:

Նաև ասել են, որ Էվանսը չի կարողացել տղամարդ գտնել, ուստի ամուսնացել է ինքն իր հետ։ «Սա ճիշտ չէ, ես վաղը կարող եմ ամուսնանալ տղամարդու հետ», - ասել է Էվանսը:

Կինը պատմել է, որ չարագործները գտել են իր հասցեն և սկսել են իրեն նամակներ ուղարկել փոստով։ Նրանցից մեկն ասել է, որ նա դժոխք կգնա, եթե չզղջա ինքն իր հետ ամուսնանալու համար։ Չնայած քննադատություններին ու վիրավորանքներին եղել են նաև Էվանսին սատարողներ։ Կինը պնդել է, որ երջանիկ է միայնակ ապրելու և ինքն իր հետ ամուսնանալու համար։ Նա նշել է, որ երբեմն ժամադրության է գնում տղամարդկանց հետ։