Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում նորից հացադուլ է հայտարարել. ինչո՞ւ է լռում միջազգային հանրությունը

«Հայաստանի դեմ իր կատարած պատերազմական հանցագործությունները Բաքուն շարունակում է վերագրել Հայաստանին։ Արցախի նախկին ղեկավարներին մեղադրում են պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ 1988-ից 2024 թվականներին ավելի քան 18,000 ադրբեջանցիների սպանության մեջ։ Սակայն, ադրբեջանական պետական լրատվամիջոցները չեն հրապարակում մեղադրանքները հաստատող ապացույցներ»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ-պատմաբան, Ռուբեն Վարդանյանի մտերիմ Մհեր Հարությունյանը։
Բաքվի բանտում պահվող 23 հայ ռազմագերիների գործերից ամենածանրը, թերևս, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանինն է։ Հարությունյանի խոսքով՝ նրա մեղադրանքները մեկը մյուսից ավելի անհավանական ու անհեթեթ են։ Վարդանյանը հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայություններից, քանի որ չի վստահում նրան։
«Վարդանյանը հայտարարել է, որ փաստաբանն իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել, երբևէ իրեն չի տեսակցել կալանավայրում, նրան չի վստահում։ Դատական նիստում Վարդանյանի՝ հանրային պաշտպանից հրաժարվելու միջնորդությունը բավարարվել է։ Վարդանյանի շահերն այնտեղ պաշտպանում է նրա մասնավոր փաստաբան Աբրահամ Բերմանը, ով լիցենզավորված է Ադրբեջանում։ Անհանգստացնող է, սակայն, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել՝ բողոքելով իր դեմ ընթացող շինծու դատավարության ընթացքի դեմ»,-ընդգծում է Հարությունյանը։
Վարդանյանի իրավունքները կոպտորեն խախտվում են, նա ենթարկվում է հոգեբանական ճնշումների և զրկված է պատշաճ պաշտպանության իրավունքից։
«Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ չէ, որ բողոք է ներկայացրել իր դեմ կատարվող անօրինական վերաբերմունքից։ Նրան չի տրամադրվել բավարար ժամանակ՝ ծանոթանալու 422 հատորանոց գործի նյութերին, որոնք թարգմանված են սխալներով, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել իր հետ և ստանալ գործի նյութերը։ Այս դատավարությունը նպատակ ունի դատապարտելու բոլոր այն հայերին, ովքեր աջակցել են Արցախին և նրա բնակչությանը»,-նշում է մեր զրուցակիցը, ապա զարմանում, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այս հարցին համարժեք լուծում չեն առաջարկում։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում։ 2024 թվականի ապրիլին նա նույնպես հացադուլ էր հայտարարել, ինչի հետևանքով ենթարկվել էր պատժամիջոցների, ներառյալ՝ մեկուսացում, զրկվել ջրից երկու օր շարունակ։
Հունան Թադևոսյան