Քաղաքապետարանը ջարդված մասկվիչ է, ուրիշ ոչ մի բան․ ավագանու անդամ

Պարոն Ավինյան, հարց-պատասխանի ժամանակ մանիպուլացնում եք, որ ստիպված ասենք՝ լավ եք աշխատում։ Հիմա ես կասեմ` լավին լավ, վատին վատ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանը։

«Պարոն Ավինյան, մենք միասին մեկ տարի է աշխատում ենք, վստահ ասում եմ՝ դուք այդքան էլ ծանոթ չեք իմ աշխատելաոճին, որքան մյուսները։ Հիմա հերթով գամ․ 4 տարի խոսել ենք վթարային շենքերից, բոլորն անտարբեր էին, իրենց այդ հարցը չէր հետաքրքրում, նույնիսկ քաղաքապետի ժ/պ Լևոն Հովհաննիսյանին չէր հետաքրքրում։ Պարոն Ավինյանը եկավ փոխքաղաքապետ, ասաց՝ այո, ճիշտ եք ասում, գնաց հարցը լուծեց մարդը․ ասե՞նք վատ ա, չէ, բնականաբար լավ ա»,-ասաց նա։

Խոսելով շինթույլտվությունների մասին, Հարությունյանը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնք առկա են։ 

«Անկեղծ եմ ասում, լրիվ անհասկանալի է քաղաքապետարանի գործելաոճն այս առումով: Պատճառն այն կարող է լինել, որ քաղաքապետարանում նստած ճարտարապետներն ամեն ինչով զբաղվում են, բացի իրենց գործից»,- ասաց նա։

Ինքնակամ շինությունների օրինականացման մասին էլ նշեց․

«Այս ընթացքում երեք  քաղաքապետ ենք ունեցել, երեքն էլ տարբեր մոտեցումներով․ մեկն ասում էր՝ ամեն ինչ տալու եմ, մեկն ասում էր՝ մինչև էս եմ տալու, մյուս ասում է՝ ոչ մի բան չեմ տալու, չեմ ուզում պատասխանատվության ենթարկվեմ իմ կայացրած որոշման համար։ Ով վախենում է իր աշխատանքը կատարելուց, թող գնա տուն, որ քաղաքացիները չտուժեն»,- շեշտեց ԲՀԿ-ականը։

Խոսելով այն համեմատության մասին, թե քաղաքապետարանը մեքենա է, պետք է լավ աշխատի, ավագանու անդամն ընդգծեց․ 

«Եթե այդ համեմատությամբ գնահատենք՝ հա, մեքենա է, ջարդված մասկվիչ, ուրիշ ոչ մի բան»։

Մանրամասները՝ տեսանյութում: