Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական բովանդակությունը զրոյացել է

Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական բովանդակությունը զրոյացել է

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Այդ մասին գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում օրերս ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը, պնդելով, թե «Երևանը նման պարտավորություն է ստանձնել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ»։

«Հայաստանը պարտավորվել է անխոչընդոտ կապ երաշխավորել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանի նախագահն այդ դրույթին է հղում անում», - ասել է նա։

Ի՞նչ սպասել, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի պատասխանում թուրք-ադրբեջանական դիսկուրսի շրջանակներում իրենց ուղղված հայտարարություններին։ MediaHub-ն այս հարցերն ուղղեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին։

«Իրենց դիսկուրսն իրականում այդքան էլ հստակ չէ և բացատրեմ՝ ինչու։ Պահանջը՝ կալինինգրադյան միջանցքի տարբերակով միջանցք ստանալը հասկանալի է, ու իմաստն այն է, որ եթե Բաքվում ինչ-որ մարդ նստում է բեռնատարի մեջ ու ապրանքներ տեղափոխում, որոնք ՀՀ տարածքով պետք է անցեն ու մտնեն Նախիջևան, ապա Ադրբեջանի պահանջն է, որ այդ մարդը բեռնատարի հետ մեկտեղ ոչ մաքսային ծանուցում անի, ոչ էլ զննում անցնի։ Ահա իրենց հստակ պահանջը»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ ընտրություններին Փաշինյանի հիմնական թեզը խաղաղություն բերելն էր, խաղաղության պայմանագիր ունենալը, թե, մեջբերեց,  մենք չունենք կադաստրի թուղթ, որով Ադրբեջանը կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը ու կտա այդ կադաստրի թուղթը և նոր Թուրքիա-Հայաստան սահմանը կբացվի։ 

«Զանգեզուրի միջանցքի հարցում մեր էմոցիաները թողնելով մի կողմ՝ պետք է հասկանալ, որ տարածաշրջանում գործելու է մի նոր տրանսպորտային համակարգ, Հայաստանի տարածքով, Ադրբեջանի տարածքով բեռներ են գնալու Ռուսաստան: Կան մի շարք այլ նոր հանգամանքներ ևս։ Թուրքիան ասում է, որ 2028-ին միջանցքը պատրաստ կլինի, բայց ասում են՝ «էշ մի սատկի, գարուն կգա», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական բովանդակությունը զրոյացել է: Էդ մարդն ասում էր, որ խաղաղության պայմանագիր է բերելու ու էդ ճանապարհին է Արցախն  հանձնել ու այ դրանից հետո պայմանագիր կկնքենք, սահմանը կբացվի ու լավ կապրենք։ Հիմա, թուրքերն ու ադրբեջանցիներն ասում են՝ քեզ ոչ մի խաղաղության պայմանագիր, բայց դու դեռ միջանցք պետք ա տաս ու անկլավներ։ Բայրամովն ասուլիսի ժամանակ ասում էր, որ հարցեր կան, որ պետք է միջազգային արբիտրաժը լուծի, այսինքն՝ ռեպարացիաներ են պահանջելու։ Իրենք Փաշինյանից պահանջում են մաքսիմումը ու ոչ մի բան չեն տալու դրա դիմաց։ Թղթախաղ խաղալիս, ինչքան էլ կոպիտ կհնչի, հաղթաթղերը միշտ վերջում են սեղանին դնում, իսկ մեր հիմնական հաղթաթուղթը Արցախի Հանրապետությունն էր՝այնտեղ ապրող ու դիմակայող հայերը»,- ընդգծեց Մաթևոսյանը։

Ապա հավելեց.

«Փաշինյանն ափալ-թափալ հանձնեց Արցախը, մտածելով, որ պայմանագիրը կստորագրվի ու սահմանը կբացեն։ Արարատ Միրզոյանը, երբ ասում է, որ հետընթաց է տեսնում, ապա դա այն է, ինչի մասին ես խոսում էի։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը կարելի է լուծել պայմանագրի ստորագրումից հետո, բայց մենք հասկանում ենք, որ քննարկումներ, այնուամենայնիվ, կան ու մի օր գալու են ասեն, որ 8 գյուղի փոխարեն 28 գյուղ պետք է տալ։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն խոսում խաղաղության պայմանագրի մասին, իրենց ուզածը լրիվ այլ է»:

Մարիա Զարգարյան