Ափսոս ա, ապրանքը փչանում ա․ Լարսում կանգնած հայ վարորդ

Ափսոս ա, ապրանքը փչանում ա․ Լարսում կանգնած հայ վարորդ

Արխիվային լուսանկար

 

ՌԴ-ից եկող ճանապարհն էլ է փակ, սարը փակ է, էս երեսին երկրորդ օրն է՝ կանգնած ենք, մյուս կողմից՝ Վրաստանից դեպի ՌԴ, երրորդ օրն են տղաները կանգնած։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց դեպի ՌԴ ապրանք տեղափոխող Լարսում մնացած վարորդներից մեկը՝ Արայիկը։

Նա նկատեց, որ եղանակային պայմաններից ելնելով՝ ստիպված են օրվա մեջ առնվազն երեսուն լիտր վառելիք օգտագործել։

«Սարը փակ է, բան չենք կարող անել։ Ինչքան մոտներիս գումարը հերիքի, կապրենք։ Մեր խնդիրն էդքան լուրջ չի, դեպի ՌԴ եկող ապրանքն ա ափսոս։ Մեր տղերքից մեկը ծաղիկ ա բերում, Նատախտարի ա հասել, հիմա չգիտի՝ ինչ անի։ Ծաղիկը մեքենայում քանի՞ օր կարա պահի։ Ափսոս ա, ապրանքը մնալու ա, փչանա»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ արդեն երկու օր է՝ դեպի Լարս մեկնած հայ վարորդները մնացել են ճանապարհին, եղանակային անբարենպաստ պայմաններն են պատճառը։ Այս պահի դրությամբ հերթը մի քանի կիլոմետրի է հասել, մի քանի հարյուր բեռնատար է մնացել ճանապարհին:

Նարե Գնունի