Փաշինյանի «պնդաճակատությունը» 

Փաշինյանի «պնդաճակատությունը» 

Այսօր խորհրդարանում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը և, ըստ էության, կրկնել է իր հայտնի թեզերը:

Փաշինյանն ուղիղ խոստովանել է՝ Տավուշի մարզից գյուղերի հանձնումը որևէ բան էլ չի երաշխավորում. 

«Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է, արդյոք, անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակական մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պիտի չեզոքացնենք։ Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է, արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի՛ երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավարում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։

Այդպիսով՝ Փաշինյանը խոստովանում է, որ ամբողջովին ձախողել է «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը, որը շահագործելով 2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրություններում` վերարտադրել է իր իշխանությունը:

Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում Բաքուն հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ՀԽՍՀ և Ադրբեջանի խորհրդային հանրապետության սահմանները վերարտադրելու փոխարեն՝ պահանջում է նոր սահման հաստատել: Ու այս ամենը տեղի է ունենում մի համատեքստում, երբ որևէ միջնորդ չկա, իսկ ուժային դիսբալանսի պայմաններում Ալիևը Փաշինյանին օրակարգ է թելադրում:

Եթե դիտարկենք Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունը, ապա նա փաստացի մերժել է կարգավորման ռուսական պլանը, չի ստացել կարգավորման արևմտյան պլան ու հիմա մնացել է Ալիևի ողորմածությանը:

Սա Փաշինյանի քաղաքականության կատարյալ ֆիասկո է: Արժանապատվություն ունեցող ղեկավարը նման պարագայում հեռանում է «պնդաճակատություն» անելու փոխարեն:

Վահրամ Բագրատյան