Բալանսի խախտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների` ապրիլի 12-ին Մինսկում տեղի ունենալիք հանդիպմանը:
Մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչու է Հայաստանը հրաժարվում Մոսկվայի գլխավորությամբ գործող ինտեգրացիոն կառույցների աշխատանքներին մասնակցել, եթե հռչակված կուրսն արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան է:
Կա՛մ Փաշինյանի թիմը չի հասկանում՝ ինչ է դիվերսիֆիկացիան, կա՛մ էլ իրականում որդեգրել է արտաքին քաղաքականության շրջադարձի քաղաքականություն:
Բայց այստեղ էլ առաջանում են այլ՝ ավելի սկզբունքային հարցեր:
Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանը փաստացի չստացավ որևէ անվտանգային երաշխիք: Այս պարագայում արկածախնդրություն է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը:
Հավաքական Արևմուտքի անվտանգության բանաձևը շատ հստակ է՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում, ըստ էության, Բաքվի պայմաններով և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում:
Իհարկե, Մոսկվան մեզ «հրաշալի» լուծում չի առաջարկում, բայց այն ճանապարհը, որը ցույց է տալիս Արևմուտքը, լեցուն է նոր մարտահրավերներով, այդ թվում՝ Մոսկվայի կողմից առաջացող:
Այս համատեքստում արտաքին քաղաքականության բալանսի խախտումը Հայաստանի համար ոչ թե հնարավորությունների, այլ ռիսկերի ճանապարհ է բացում:
Վահրամ Բագրատյան