Բացառիկ․ տոնական օրերին IDBank–ի և FastBank–ի հաճախորդների հաշիվներից գումարնե՞ր են հափշտակել

Տոնական օրերին IDBank–ի և FastBank–ի հաճախորդների հաշիվներից ապօրինի գումարներ են յուրացվել։ Այս մասին MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել և գնացել կատարվածի հետքերով:
Ըստ այդմ, մեզ դիմած քաղաքացիները նշում են, որ տոնական օրերին նշված բանկերում իրենց հաշիվներից փոքր գումարների (ըստ երևույթի, որ մարդկանց բանկային գործարքների պատմություններում աչքի չընկնի)՝ 3-5 դոլարի չափով գումարներ են գանձվել, և իրենք տեղեկացել են, որ բանկերը ենթարկվել են հաքերական հարձակման։
«Տոնական օրերին իմ և իմ ընտանիքի անդամների հաշիվներից 5 դոլարի չափով գանձումներ են եղել՝ թե՛ IDBank–ի, թե՛ FastBank–ի հաշիվներից։ Իմ ուշադրությունը գրավեց այն, որ նախ գանձվել է դոլարով, բայց ես որևէ գնում չեմ կատարել։ Պարզվեց, որ միայն իմ մոտ չէ, այլ ընտանիքիս անդամների հաշիվներից, ընկերներիս հաշիվներից նույնպես, գանձվել է գումար»,– ասաց մեզ ահազանգած քաղաքացին։
MediaHub–ին դիմած տուժածները նշում են, որ հաքերային հարձակում իրականացրած անձինք այլևս երկրում չեն, նրանց հաջողվել է փախնել երկրից՝ քաղաքացիների գումարներով: Նաև մեզ փոխանցեցին, որ այս հարցով զբաղվում է Քննչական կոմիտեն:
MediaHub–ը դիմեց Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունեցել, համապատասխանում ենք արդյոք իրականությանն այս ահազանգերը, դիմե՞լ են բանկերն իրենց և եթե այո, ապա հնարավոր դարձե՞լ է վնասազերծել հանցագործներին:
Քննչականից մեզ պատասխանեցին․ «FastBank–ի մասով՝ դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Մեզ ասացին, որ պաշտոնապես տեղեկատվություն կարող են տալ այս պահին միայն FastBank–ի մասով, իսկ IDBank–ի մասով պաշտոնական ասելիք դեռ չունեն։
MediaHub–ը փորձեց կապ հաստատել նաև նշված բանկերի հետ: IDBank–ից մեզ պատասխանեցին, որ մասսայական որևէ բան չկա, որևէ բողոք չեն ստացել, և նման բան չի եղել, որ մարդկանց հաշիվներից գումար է պակասել։
"Հաճախորդները շատ հաճախ բաժանորդագրվում են տարբեր կայքերի, հավելվածների և երբեմն մոռանում այդ մասին, հնարավոր է, որ այդ գումարներն են գանձվել Ձեր նշած հաճախորդներից։ Այստեղ հաքերային հարձակման մասին խոսք լինել չի կարող",- նշեցին բանկից:
Երկու օր շարունակ մենք փորձեցինք կապ հաստատել նաև FastBank–ի հետ, բայց մեզ այդպես էլ չպատասխանեցին՝ ԶԼՄ–ների հետ զբաղվող աշխատողը կա՛մ շենքում չէ, միայն հատուկ ժամերին է պետք կապ հաստատել, կա՛մ ասում են, որ կկապվի մեզ հետ։ Արդյունքում դա այդպես էլ մինչ այս պահը տեղի չունեցավ, այսինքն պարզվեց, որ բանկը նույնքան անպատասխանատու է վերաբերվում ԶԼՄ ներկայացուցիչներին, ինչպես իր իսկ հաճախորդներին, որի հետևանքով վերջինները ֆինանսական լուրջ կորուստներ են կրել։
Նկատենք, որ մամուլում գրվել էր, որ տոնական օրերի ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել հաքերային տարբեր հափշտակումներ։
Մարիաննա Արամյան