Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի, «Մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են, և դրա մասին կան «երկաթյա ապացույցներ»։
Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք նշեցին, որ իսկապես նման «թեմա կա»:
Ավելին, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, Ալիևի և Փաշինյանի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրություններ կան անգամ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել սկանդալները: Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել:
Հիշեցնենք, որ Հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար: Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր: Վեճին միջամտել էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ փորձելով հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին: Այս միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել պատգամավոր Սարգսյանի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ կապի դուրս չեկավ մեզ հետ:
Կապվեցինք նրա հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով այն մասին, որ ՔՊ-ականները պատմել են մեզ, որ փայտ ներկրողները, որոնք քրեական աշխարհի հետ կապ ունեն, իր որդու հետ «բիզնես գործընկերներ են», ու իր որդին քրեական աշխարհի հետ կապ ունեցող փայտ ներկրողներին խոստացել է այնպես անել, որ Հայաստանում փայտ չհատվի, որպեսզի ներկրված փայտը վաճառվի։
Զարեհ Սարգսյանը, ի պատասխան այս մեղադրանքների, ասաց. «Հայկը երկրում չէ, նախապես պլանավորված հանդիպում կար, մեկնել է։ Այս ի՞նչ տեղեկություններ են, ծիծաղել կարելի է։ Կա՞ մեկը Հայաստանում, որ կուզենա ապօրինի ծառահատումներ լինեն, հարց եմ տալիս։ Եթե Հայկը տեղեկություններ ունի ապօրինի ծառահատումների վերաբերյալ, իրեն ոչ ոք ու ոչ մի բան չի կաշկանդի այդ մասին բարձրաձայնել։ Հայկը նաեւ հրապարակային հայտարարություններ է արել՝ քրեական հեղինակությունների եւ քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարելու նպատակով ստեղծված օրենսդրության պահանջների կատարման անհրաժեշտության մասին, այդ մասին բարձրաձայն ՆԳՆ նախարարին հարց է ուղղել, ո՞նց եք պատկերացնում՝ նա գողականների հետ ընկերություն է անում ու հրապարակավ նրանց դեմ պայքարի մասին խոսու՞մ։ Ձեզ հասած տեղեկությունները լոգիկա չունեն»»։
«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին, ի տարբերություն Արմեն Աբազյանի, անվերապահ վստահում է։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը տեւական ժամանակ է՝ Անդրանիկ Սիմոնյանին նույն հրահանգներն է տալիս, ինչ Աբազյանին, եւ հաշվետվություններ է պահանջում, նրանց առանձին-առանձին ընդունում է իր մոտ, ըստ ամենայնի՝ ստուգում է Աբազյանի «հավատարմությունը»։
Լուրեր կան, որ Աբազյանն անվերապահորեն չի կատարում Փաշինյանի քաղաքական հրահանգները, փոխարենը դրանք իրագործվում են Անդրանիկ Սիմոնյանի ձեռամբ։ Գաղտնիք չէ, որ Աբազյանը համարվում է ռուսական ազդեցության գործիչ, ինչպես համակարգի նախորդ ղեկավարները, որոնք հիմնականում կրթություն են ստացել Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված եւ այն, որ Աբազյանը շարունակում է պաշտոնավարել․ Փաշինյանին գուցե թույլ չեն տալիս նրան ազատել, թե այն, որ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին, ի դեպ, ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես էլ չտեղափոխվեց «կառավարական դաչա»՝ Փաշինյանին հարեւան, օրենքը թույլ էր տալիս նրան եւ ընտանիքին բնակվել կառավարական այդ թաղամասում, անգամ առանձնատուն էին վերանորոգել։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Սիմոնյանին, ապա վերջինս դարձել է Փաշինյանի կամակատարը եւ հանձն է առնում կյանքի կոչել ամենաստոր հրահանգները։ Դիցուք՝ ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին տարեսկզբին կալանավորելու գործի «քավորը» նույնպես Սիմոնյանն է եղել, բանն այն է, որ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ցանկացել Տիրան Խաչատրյանին կալանավորել, սակայն ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարվել է իրականացնել՝ ասելով, որ հիմքերը թույլ են,բացի այդ՝ վաղեմության ժամկետի խնդիր կա։
Սիմոնյանը Լոռու մարզում շարքային դատավոր էր, 2021-ից տեղափոխվեց Երեւան՝ նախ ՔԿ պետի տեղակալի պաշտոնում նշանակեցին, հինգ օր անց՝ ԱԱԾ պետի տեղակալի։ Ասում են՝ Սիմոնյանը նաեւ հսկում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «շարժը» եւ զեկուցում վարչապետին։