Օրերս ՔԿ նախագահի խորհրդական նշանակված Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն կստանա

Օրերս ՔԿ նախագահի խորհրդական նշանակված Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն կստանա

Այս տարվա հունվարի 1-ից ԱԱԾ քննչական վարչության գործառույթները տեղափոխվել են Քննչական կոմիտեին։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր՝ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը, որը կիրականացնի նաև ԱԱԾ քննչական վարչության ֆունկցիաները։ 

Սա արդեն մեծ դժգոհություն է առաջացրել քննիչների շրջանում, որոնք կարծում են, որ ԱԱԾ քննչական վարչության գործառույթներն իրենց փոխանցելը, մի կողմից, էապես կավելացնի իրենց ծանրաբեռնվածությունը, նաև ԱԱԾ օպերատիվ բլոկի հետ կապի խզումը, մյուս կողմից, կխոչընդոտի քննիչների կողմից արդյունավետ նախաքննություն իրականացնելուն։ 
Նորաստեղծ վարչությունը, սակայն, դեռ վարչության պետ չունի։

MediaHub-ի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում նորաստեղծ ու երկարաշունչ անվանումով քննչական վարչության պետ կնշանակվի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ժամանակին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը, որն օրերս նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խորհրդական։ Վերջինիս հետ երեկ հարցազրույց էինք արել, և նա մեզ ասել էր, որ անձամբ Քյարամյանից ստացել է խորհրդական նշանակվելու առաջարկ, ինչը և ընդունել է։ 

Բայց ակնհայտ էր, որ գլխավոր դատախազի նախկին տեղակալը հազիվ թե համաձայներ այդքան բարձր պաշտոնից ազատվելուց հետո գնար այլ կառույցում ընդամենը խորհրդական աշխատեր։ ՔԿ նախագահի խորհրդականն իր համար ընդամենը «տրանզիտային» պաշտոն էր՝ հետագայում ավելի բարձր ու «յուղոտ» պաշտոնի անցնելու հեռանկարով, և Քյարամյանի կողմից առաջարկն ընդունելու նախապայմանը կամ պայմանավորվածությունը հենց դա է եղել։ 

Կարելի է ասել՝ Արգիշտի Քյարամյանը իր կադրերին էլ է իր ճանապարհով «բարձրացնում»՝ մեկ կամ մի քանի օրով ձևական նշանակում է որևէ հարմար պաշտոնի, հետո պաշտոնի բարձրացում ապահովում։ Իր դեպքում նույնպես այդպես եղավ, երբ, նախ, մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հետո գնաց ԱԱԾ տնօրեն, հետո էլի եկավ ՔԿ՝ արդեն որպես նախագահ։ 

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում ո'չ հերքեց, ո'չ հաստատեց մեր տեղեկությունը՝ ընդամենը նշելով․ «Այս պահին Գևորգ Բաղդասարյանը զբաղեցնում է ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնը»։

Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Բաղդասարյանի նշանակումը կլինի։ Այս պահին նորաստեղծ վարչությունը ղեկավարում է վարչության պետի տեղակալը։ 

Վահե Մակարյան