Ամեն ինչ այդքան սարսափելի չէ՞. ՄԻՊ բացահայտումները «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում և նախարարության պարզաբանումը

Օրերս հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, որի շրջանակում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը բնորոշել են որպես համակարգային և ընդգծել, որ դրանք պահանջում են անհետաձգելի լուծումներ:
Մասնավորապես, խոսքը այնպիսի աղաղակող խախտումների մասին են, ինչպիսիք են՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ; երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների, բաժակների, ափսեների անհատականացման խնդիր; արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում և կրկին օգտագործվում էին և այլն:
MediaHub-ը դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե ինչպե՞ս կմեկնաբանեն այս բացահայտումները և ի՞նչ են պատրաստվում անել: Ի պատասխան մեր հարցման, նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը նշեց, որ թեև ՄԻՊ աշխատակազմի կողմից այցի արդյունքներն ամփոփված դեռևս չեն ուղարկվել նախարարությանը, բայց սոցիալական ցանցերում տարածված հրապարակումներում առկա որոշ կետերի վերաբերյալ ասելիքը հետևյալն է․
«Նախ հարկ է նշել, որ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող տարաբնույթ աշխատանքային՝ մանկավարժական, հոգեբանական, դաստիարակչական, վերականգնողական առանձնահատկություններով պետական կառույց է և այս հաստատությունում աշխատանքները, բնականաբար, ունեն իրենց առանձնահատկությունները․ մասնավորապես՝
• Այն մասին, որ արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք, հարկ է նկատի ունենալ, որ ներկայացվող խմբասենյակը պալիատիվ խնամք ստացող երեխաների խմբասենյակն է։ Այն խմբասենյակներում, որտեղ կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով՝ հնարավոր չէ անձնական հիգիենայի, մասնավորապես՝ երեխաներին լողացնելու առանձնացված հնարավորություն, այդ խմբասենյակներում լոգարանային հատվածը առանձնացված է վարագույրով։
• ՄԻՊ կողմից հրապարակված լուսանկարում առկա խոզանակը չի պատկանում հաստատության սաներին, չի օգտագործվում հիգիենայի նպատակով․ սաների խոզանակները, հիգիենայի պարագաները, բաժակները, ափսեները, սրբիչները անհատականացված են, համարակալված, մաքրվում և ախտահանվում են ամեն օր։
• Զոնդային կերակրիչի հետ մեկտեղ ափսեի մեջ գտնվող ներարկիչը ոչ այլ ինչ է, քան կերակրիչի հետ անբաժանելի մաս կազմող իր։ Զոնդային կերակրիչը օգտագործվում է ներարկիչի հետ միաժամանակ։
• Հաստատության դեղերը ժամկետներում են․ ֆիքսված կաթիլները, չիչխանի յուղը երեխաներին չի պատկանում․ չիչխանի յուղի գնման բացակայությունը հնարավոր է ստուգել նաև գնումների փաստաթղթերով, քանի որ նման գնում հաստատությունը չի իրականացրել։ Նշված յուղը պատկանել է աշխատակիցներից մեկին։
• Ժամկետանց 1 տուփ շիլան, որը եղել է փակ, նախատեսված է եղել մատակարարին հետվերադարձի համար»:
• Հաստատությունը երեխաների սննդի մեջ օգտագործում է հավի և տավարի միս, որոնք եղել են մակնշված համապատասխան փաստաթղթերով և պիտանելիության ժամկետով։
• Հաստատությունում մշտապես գործում է համապատասխան որակավորմամբ բժշկա-մանկավարժական մասնագետներով համալրված թիմ, որը երեխայի հաստատություն ընդունվելու առաջին իսկ օրվանից գնահատում է երեխայի կարիքները, կազմում զարգացման անհատական ծրագիր, որը լրացվում է համապատասխան փաստաթղթում և վերանայվում եռամսյա կտրվածքով: Իսկ բժշկական հսկողությունը շուրջօրյա է, և արդյունքների մասին տվյալները լրացվում են ամեն օր յուրաքանչյուր երեխայի բժշկական քարտերում:
• Երեխաների կերակրման համար նախատեսված զոնդերը և շշերը օգտագործվում են խիստ անհատականացված, սակայն որևէ կերպ արգելված չէ դրանց խմբային ախտահանումը։
• Երեխաների հագուստը հնամաշ լինել չի կարող, այն կարող է ճմրթված լինել երեխաների խաղի կամ շարժունության պատճառով, իսկ շշերը նոր են․ հնարավոր է մաքրման, լվացման և ախտահանման ժամանակ ջնջվեն շշերի վրայի գրվածքները, որը կարող է թողնել հին շշի տպավորություն։
• Ինչ վերաբերում է միջավայրային համպատասխանեցմանը, ապա հաստատությունը մասնագիտացված է, նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար, գործում է սահմանված չափորոշիչներին համապատասխան, նախատեսված տեղաշարժվելու անվտանգային հարմարեցումներով։ Առկա է սպասարկող երեք ավտոմեքենա, որից մեկը՝ հատուկ նշանակության է։ Անվտանգության միջոցառումների ապահովումը դինամիկ գործընթաց է, նախատեսվում և իրականացվում է ամեն պահի։
• Հաստատության առողջության մատյանը նախատեսված չէ երեխաների համար (երեխաներն ունեն տարաբնույթ և բազմաքանակ բժշկական փաստաթղթեր), այն խոհանոցի աշխատակիցների համար է, որը լրացվում է բուժքույր-դիետաբանի կողմից՝ խոհանոցի աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ։
• Հաստատությունում հստակ գործում է երեխաների առաջարկներին և բողոքներին արձագանքելու հստակ մեխանիզմ, մասնավորապես՝ բողոք, առաջարկների դեպքում դրանք գցում են արկղիկի մեջ, իսկ արկղիկը բացելու և առաջարկներին արձագանքելու պարտավորությունը դրված է հոգեբանի վրա։ Արկղի բացումը կատարվում է յուրաքանչյուր ուրբաթ:
• Պարբերաբար իրականացվել և իրականացվում են բռնության կանխարգելման վերաբերյալ դասընթացներ ողջ անձնակազմի հետ։ Մասնավորապես՝ 2024 թ․-ի սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին կազմակերպվել է երեք դասընթաց, որին ՊՈԱԿ-ի հրավերով մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, ՄԻՊ աշխատակազմի, Գյումրու համայնքապետարանի և ՇՄ մարզպետարանի համապատասխան աշխատակիցները։
• Հաստատության ՝ երեխաների հետ անմիջապես աշխատող անձնակազմը (հոգեբան, սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, լոգոպեդ, բժիշկ, բուժքույր, դայակ) ունի համապատասխան որակավորում, պարբերաբար անցել և շարունակում է վերապատրաստվել։
• Հաստատության աշխատակազմը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու համար․ միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ այն դյուրին գործընթաց չէ, պայմանավորված չէ վերոնշյալ աշխատակիցների գործոնով։ Այնուամենայնիվ, 2024 թ-ին 1 երեխա վերամիավորվել է կենսաբանական ընտանիքի հետ։
• Հաղորդակցվելու կարողություններ ունեցող բոլոր երեխաների հետ կազմակերպվում են ամենօրյա զրույցներ՝ վեր հանելու նրանց ցանկություններն ու նախասիրությունները։
• Հաստատության սան Ա-ն ունի տեսողության ֆունկցիայի խանգարում, նոր է սովորում տառերը բրալյան գրասարքով։ Այբուբենը սովորելուց հետո ձեռք կբերվեն նաև անհրաժեշտ դասագրքերը:
• Հաստատությունը մշտապես կապի մեջ է սովորող երեխաների հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինության և մանկավարժական կազմի հետ՝ կապված երեխաների հաճախելիության, ուսումնառության և կրթական այլ գործընթացների հետ»։
Նարե Գնունի