Ի՞նչ ենք ստանալու Ադրբեջանից 

Ի՞նչ ենք ստանալու Ադրբեջանից 

Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին: Մինչ այդ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ, որ օրեր առաջ հայտնվել էր Հայաստանի տարածքում, հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։  

«Քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը  2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով»,- այսպիսի հիմնավորում է ներկայացրել նախաքննության մարմինը:

Միանգամից նկատենք, որ այս դեպքում ամենևին էլ կասկածի տակ չենք դնում իրավապահների պնդումները ու մեծ հաշվով՝ ընդունում ենք նաև, որ հումանիստական քայլ է մոլորված զինվորին վերադարձնելը:

Մյուս կողմից, Բաքվի բանտերում պահվում են տասնյակ պատանդառված հայ գործիչներ և զինվորականներ, ու լեգիտիմ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանը փոխադարձ հումանիստական քայլով պատասխանելու է, թե՞ հայկական կողմի քայլը միակողմանի բնույթ է կրելու: 

Սա ամենևին էլ անիմաստ հարցադրում չէ, որովհետև եթե բարի կամքի դրսևորումը փոխադարձ չէ, ապա Հայաստանի հումանիզմը հակառակ կողմը կարող է համարել թուլության նշան:

Վահրամ Բագրատյան