Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ 

Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից»,-  մանրամասնել է փաստաբանը։ 

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները ջարդել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասները և տարել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։ Շահրամանյանը լրագրողներին հայտնել էր, որ սա ոչ թե մեքենայի, այլ Արցախի մնացորդների վերացման հարց է։