Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է

Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի օրերին՝ նախքան ծանր վիրավորումը Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։

 Նրա գործողությունների հետևանքով հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

Այժմ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։