Փաշինյանի պատերազմն ընդդեմ միջնորդների 

Փաշինյանի պատերազմն ընդդեմ միջնորդների 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 14թ-ից հետո կոնֆլիկտի մեջ էին, իսկ 22 թվականից հետո պատերազմի մեջ են։ Ինչպիսի մեծ նորություն եմ ասում։ ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

«ԵԱՀԿ Մինսկի խումբն էդ ինչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի վրա։ Այսինքն` մտածում էիք, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համանախագահների շահերը այնպես են համընկնում, որ հեսա գալու էին, այնպես են անելու, այնպես են անելո՞ւ։ Կներեք, բայց մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էս կողմ, էն կողմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ պնդելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին այլ բան էր ասում, այլ բան անում։

Հայաստանի ոչ մի ղեկավար նման պրովինցիալ մոտեցում չի ունեցել միջազգային դերակատարների, միջնորդների, վերջապես՝ ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամ միջուկային տերությունների հանդեպ: Այս ամենը միջազգային հարաբերությունների բնույթը չհասկանալու մասին է: Հենց այսպես են կորցնում դաշնակիցներին. սա ուղիղ հակառակն է նրան, ինչ կոչվում է ռացիոնալ արտաքին քաղաքականություն, որի նպատակն է նոր դաշնակիցների ձեռք բերելը:

Բայց չկարծեք՝ Փաշինյանը պատահական է «սուր ճոճում» միջնորդների դեմ: Նա պարզապես դարձյալ արդարացնում է իր լուզեր քաղաքականությունը, որը բխում է Բաքվի օրակարգից: Փաշինյանն ընդամենը փորձում է «հիմնավորել», թե ինչու է առանց միջնորդների բանակցում Բաքվի հետ՝ միակողմանի զիջումների տրամաբանությամբ: Նա «արդարանում» է, թե ինչու մերժեց կարգավորման ռուսական պլանը և չստացավ արևմտյանը:

Վահրամ Բագրատյան