ԲԴԽ-ն խախտել է Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքը ․ Արամ Օրբելյան
Հունիսի 16-ի ԲԴԽ նիստին ներկա չենք եղել ո՛չ ես, ո՛չ Ռուբեն Վարդազարյանը, սակայն քննարկվել և մերժվել են իմ երկու միջնորդությունները։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանավոր կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն խախտել է արդար դատաքննության իրավունքը։ «ՀՀ որևէ դատական ատյանում չի եղել դեպք, երբ կողմերից մեկը բացակայի նիստից և խնդրի հետաձգել այն, բայց մերժվի»,- նշեց փաստաբանը։
Ըստ նրա՝ Ռուբեն Վարդազարյանը չի կարողացել ներկա գտնվել նիստին՝ վատառողջ լինելու պատճառով։
«Ես ևս հարգելի պատճառով եմ բացակայել, ավելի շուտ նշանակված դատական նիստի եմ եղել։ Սա արհեստական խնդիր չէր, ձգձգելու խնդիր չկար։ Մի քանի օր էինք խնդրել, բայց չտվեցին»,- նկատեց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ ինքը երկու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ, որոնցից մեկով խնդրում էր կարճել վարույթի հարուցումը, իսկ մյուսով՝ նիստը հետաձգել։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված-խմբ) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ 3 գիտնական անդամների միջնորդությամբ, նրանք են՝ Լիպարիտ Մելիքջանյան, Դավիթ Խաչատուրյան, Գրիգոր Բեքմեզյան։ Վարույթի պատճառը մայիսի 10-ին ArmDaily.am կայքին Վարդազարյանի տված հարցազրույցն է՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի հետ կապված։ Վարդազարյանը Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնել․ «Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»։