«Մայր Հայաստանը» հավանաբար ամիսի 21-ի նիստին կներկայանա

«Մայր Հայաստանը» հավանաբար ամիսի 21-ի նիստին կներկայանա

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Թաթուլ Պետրոսյանը երեկ իր հայտարարություն տարածեց, որ հրաժարվել է մանդատից։ 

«Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից»,- գրել էր նա։

MediaHub-ի հետ զրույցում Պետրոսյանը վերահաստատեց հրապարակումը:

Վերջինիս խոսքով՝ համագործակցությունը դաշինքի հետ չի դադարեցնում, սակայն իր աշխատանքը կլինի քաղաքապետարանից դուրս։

«Ես իմ գործունեությունը ավելի շատ պրակտիկ եմ պատկերացնում, կոնկրետ բաժանումներ կան, այդ առումով իմ զբաղվածությունը շատ ավելի մասնագիտական է լինելու»,- ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ ընկերներին օգնելու է, որ ավագանիում ավելի ակտիվ լինեն։ Հարցին՝ ե՞րբ է դաշինքը պատրաստվում ներկայանալ ավագանու նիստերին, վերջինս պատասխանեց․

«Կարծում եմ՝ մոտ օրերս հայտարարություն կտարածվի, հնարավոր է, որ ամսի 21-ի նիստին մեր խմբակցությունը կմասնակցի, բայց պաշտոնական կհայտարարվի, հիմա հնարավոր եմ համարում»։

Խոսելով Անդրանիկ Թևանյանի՝ ավագանու գործունեություն ծավալելու մասին, MediaHub-ի զրուցակիցը նշեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, բայց կրկին հայտարարություն է լինելու այս մասին։ 

Անդրադառնալով ընտրված ավագանու կատարած գործունեությանը՝ վերջինս նշեց, որ իրեն չի կարող գոհացնել այն ավագանին, որը ձևավորվել է, իր խոսքով, ՔՊ-ական ամբոխի ֆոնին։

«Այդ ամբոխը կարողացավ ընտրատեղամասեր մտցնել կացության վկայական ունեցող անձանց, շրջաններից մարդկանց բերեցին և ընդհանրապես 9 տոկոսանոց խմբակցությունը Երևանն է ղեկավարում այսօր։ Սա չի կարող մեզ գոհացնել»։

Լիաննա Թորոսյան