«Հրապարակ». TV 5-ը տուգանվեց ընդդիմության ակցիաները ցուցադրելու համար

«Հրապարակ». TV 5-ը տուգանվեց ընդդիմության ակցիաները ցուցադրելու համար

«Հրապարակ» թերթը գրում է․

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը՝ ընդդիմության երթերն ու ցույցերը չափից դուրս շատ ցուցադրելու համար: Այսպիսով, հանձնաժողովն իրեն թույլ է տվել գրաքննության ենթարկել 5-րդ ալիքը:
Այդ գրաքննությունն ապօրինի կհամարվեր նախկին օրենքով: Բայց նոր իշխանությունը, որը հանդես է գալիս որպես ազատ խոսքի ջատագով, 2020 թվականին փոփոխություն է կատարել տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը կանոնակարգող օրենքում, որն էլ հնարավոր է դարձնում գրաքննությունը: Ըստ այդմ՝ օրենքի 10-րդ հոդվածում մտցվել է կետ, որի համաձայն՝ հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամի 25 տոկոսը: Հենց այս կետն է, ըստ հանձնաժողովի, խախտել ընդդիմադիր հեռուստաընկերությունը: 

«Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ, կազմել է 47%-ից մինչեւ 91,6%, որի թույլատրելի սահմանն օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 %-ը, ինչպես նաեւ լրատվական, հասարակական-քաղաքական եւ վերլուծական ուղղվածության հաղորդումներում չեն ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաեւ չեն առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության եւ անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով»,- ասված է ՀՌՀ որոշման մեջ:

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին «Հրապարակ»-ից հարցել են, թե ինչու է հեռուստաընկերությունը խախտել հոդվածը, եւ ինչպե՞ս է վերաբերվում հանձնաժողովի որոշմանը: 
«Իրականում, սա ոչ թե հանձնաժողովի, այլ օրենքի սխալն է: Օրենքով ասվում է, որ նույն թեման եթերաժամի 25 տոկոսից ավելի իրավունք չունես լուսաբանելու: Հիմա, եթե առավոտից ակցիաներ են, ու մինչեւ ժամը 3-ը այդ 25 տոկոս եթերաժամը լցվեց, ուրեմն դրանից հետո ինչ որ տեղի է ունենում, պետք է չլուսաբանե՞լ: Բայց մենք տեսել ենք, որ երեկոյան էլ են ակցիաներ տեղի ունեցել, եւ հաճախ ամենաթեժ իրադարձությունները հենց այդ ժամերին են տեղի ունեցել: Իսկ իմ պարտականությունը հանրությանը տեղեկացնելն է: Ահա ինչու ես համարում եմ, որ այս դեպքում օրենքը հակասում է պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին: ՀՌՀ-ն ճիշտ է օրենքի տեսանկյունից, ես ճիշտ եմ մասնագիտության տեսանկյունից»,- պատասխանել է Հարություն Հարությունյանը: 
Իրականում, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է անում ՀՌՀ-ն, ու ինչ է արել իշխանությունը՝ օրենքով գրաքննություն մտցնելով ու ընդդիմադիր հեռուստաընկերությունն օրենքի շրջանակում ճնշելով:

Այդպես եղել է միշտ: Նախկինում էլ «Ա1+»-ին էին օրենքի շրջանակում ճնշում՝ հայտարարելով, որ «թույլիկ» մրցութային առաջարկ է ներկայացրել, սակայն բոլորը հասկանում էին, որ իրական նպատակն ընդդիմադիր հեռուստաընկերությունը փակելն է:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը դեմ է  որակումներին, «գրաքննություն» արտահայտությանը: «Առաջինը սա, եթե չեմ սխալվում, մի 30 տարի առաջ Մեծ Բրիտանիան է ընդունել, հետո՝ գրեթե բոլոր պետությունները, եւ ոչ միայն այդ սահմանափակումը, այլ նաեւ տասնյակ ուրիշ, որոնցից մեզ մոտ միայն փոքր մասն է ընդունված: Նպատակը շատ պարզ է՝ նվազեցնել միակողմանի պրոպագանդայի հնարավորությունը բաց եթերում, մուլտիպլեքսներում (այլ մեդիայում այդպիսի սահմանափակում չկա): Այսինքն, միջազգային նորմ է, որպեսզի մարդը լիցենզավորված TV-ների լրատվական հաղորդումներում գոնե 4 թեմայով տեղեկատվություն ստանա: Ձեր տրամաբանությամբ՝ բռնության, պոռնոյի, հայհոյանքի արգելքը եթերում նույնպե՞ս խմբագրական քաղաքականությանը միջամտություն է»:

Փաստորեն, ընդդիմության հավաքները ՀՌՀ նախագահի համար պոռնոյին ու հայհոյանքին համարժեք իրադարձություններ են: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ TV 5-ը միանգամից չի տուգանվել, բազմիցս զգուշացվել է՝ նամակներով, զանգերով, նոր միայն դրանից հետո տուգանվել է: Եկեք ընդունենք բովանդակային սահմանափակման արդարացիությունը, բայց այս դեպքում պետք է նույն օբյեկտիվությունը պահանջենք նաեւ Հանրային հեռուստաընկերությունից: Բայց հայտնի է, որ Հ1-ը ոչ միայն չի լուսաբանում, այլեւ հաճախ խեղաթյուրում է ընդդիմության ակցիաները՝ օգտագործելով տիեզերքից արված նկարահանումներ, որոնցում ընդդիմության ակցիաներն ավելի փոքրաթիվ են երեւում, իսկ տոկոս-մոկոս հաշվելու, ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրության իրավունքն ապահովելու համար ոչ մի ջանք էլ չեն գործադրում: Հավաքների լուսաբանումը հաճախ սահմանափակվում է հետեւյալ ֆրազով. «Ընդդիմության հավաքները շարունակվեցին նաեւ երեկոյան»: Եվ սա նույնպես համարվում է լուսաբանում:

Ի դեպ, հանրային քննարկման է դրված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որն էլ ավելի կոշտ սահմանափակումներ է ենթադրում: Ըստ դրա՝ օրենքի գործողությունը տարածվելու է նաեւ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողների վրա: Իսկ հեռարձակողները պարտավորվում են իրենց արտադրանքի բովանդակությանը վերաբերող պահանջներ ապահովել: Օրինակ, փաստերի եւ կարծիքների միջեւ հստակ տարբերություն մտցնել, «հավաստի, ստուգված, անկողմնակալ եւ բարեխիղճ» լինել, փաստի կամ իրադարձության մասին տեղեկացնել, իրավասու պաշտոնյաների կարծիքները ներկայացնել եւ այլն: Եթե տվյալները ստուգված չեն, պետք է այդ մասին նշում լինի, եթե աղբյուրը գաղտնի է՝ նույնպես, եւ այլն, եւ այլն:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։