Հայոց բանակը չի պարտվել, բայց իշխանականները փլուզման ճանապարհից չեն շեղվում․ Գևորգ Գևորգյան

Մենք ունեինք Հայոց բանակ` հաղթանակած, փառահեղ, բանակ, որը տարածաշրջանում ամենամարտունակ բանակն էր։ 30 տարի շարունակ թշնամին չէր էլ կարող բերանը բացել, որքան էլ պատերազմ հրահրեց, հետո խաղաղություն էր աղերսում։ Այս ամենը մենք պահեցինք մինչև 2018 թվականի իշխանության զավթումը։
Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը՝ խոսելով բանակի ներկայիս իրավիճակի մասին։
«Վաղը հունվարի 28-ն է, հաղթանակած բանակի տոնը, որը, բնականաբար, այս իշխանականները չեն տոնելու։ Բանակի տոնը չտոնելով, քո արժանապատիվ ու ուժեղ դեմքը ցույց չտալով դու բերում ես մասնատում, պառակտում և ոչնչացում։ Մենք բոլորս վաղը պետք է տոնենք բանակի օրը՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք կանք, հայը կա ու լինելու է, ունենալու է իր պետականությունը, հան ապրելու է արժանապատիվ։ Մենք մեր միասնականությամբ պետք է ցույց տանք մեր բոլոր թշնամիներին, որ մենք պայքարելու ենք»,-ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ այն պատկերը, որ հիմա ունի հայկական բանակը, դրանում մեղավորը զինվորը չէ, քանի որ հայ զինվորը չի պարտվել ոչ մի պատերազմում։
«Մեր հողերը դավադրությամբ հանձնել են, մեր զինվորներին, կամավորներին դավադրաբար ցեղասպանել են։ Այս դրածոները թշնամիների հետ համագործակցելով ամեն ինչ արել են բանակի արժեքը նսեմացնելու համար։ Բայց կրկնում եմ՝ Հայոց բանակը չի պարտվել, հայի ոգին չի թուլացել և հայ զինվորը ամբողջ հայ ժողովուրդն է»,- շեշտեց նա:
2018 թվականից հետո, ըստ Գևորգյանի, ՀՀ-ն թուլացնելու սկիզբ է դրվել։ «Այս տարածաշրջանում մենք ունենք ցեղասպան հարևաններ, որոնք միշտ հաղորդում են դրա մասին, բայց հիմա ավելի մեծ հռետորաբանությամբ ու համարձակությամբ են գործում։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում Հայաստանի լինելիության կարևոր կետերը՝ բանակը և հավատքը, այս իշխանությունները երկուսին էլ հարված հասցրին, սկզբում՝ եկեղեցուն, հետո՝ բանակին։ Հիմա մենք չունենք բանակ, բայց բանակում ծառայողները հավատարիմ են իրենց գաղափարներին, բանակը պահելու համար են շարունակում ծառայել, իսկ իշխանականները փլուզման ճանապարհից չեն շեղվում»,- հավելեց ազատամարտիկը։
Լիաննա Թորոսյան