Լեռնային Ղարաբաղը՝ բոլոր օրակարգերից դուրս

Լեռնային Ղարաբաղը՝ բոլոր օրակարգերից դուրս

Ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է «Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտություն» արտահայտությունը հանել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի զեկույցից։

Ադրբեջանական լրատվամիջոցները ոգևորությամբ ընդգծում են, որ դա իրենց հաջողվել է։ Ինչո՞ւ և ի՞նչ է դա ենթադրում, մանրամասներ ներկայացված չեն։

Նշենք, որ քննարկմանը որպես ՀՀ պատվիրակներ ներկա են եղել ՔՊ-ական պատգամավորներ Արման Եղոյանն ու Մարիա Կարապետյանը։

Ի՞նչ դիրքորոշում են նրանք հայտնել, արդյո՞ք մեզ համար ընդունելի է այս մոտեցումը, մե՞նք էլ համաձայն ենք Բաքվի հետ, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակ է, պարզ չէ։ ՔՊ-ից խուսափում են պատասխանել, որ հարցի հասցեատերը Մարիա Կարապետյանն ու Արման Եղոյանն են։ Թեև քաղաքական թիմի դիրքորոշումն են արտահայտում իշխանական պատգամավորները, այնուամենայնիվ, նույն քաղաքական թիմը դեռևս խուսափում է հարցի մասին խոսել։

MediaHub-ի տեղեկություններով, այս հարցի շուրջ լուռ համաձայնություն է եղել, այսինքն՝ հայկական կողմն այս առումով որևէ հակասություն չի տեսել, առարկություն չի ներկայացրել։