Էդգարին հորդորում եմ՝ պիտակավորումներ մի՛ արա, դա լավ տեղ չի տանելու․ Նազարյանը՝ Ղազարյանին

Էդգարին եղբայրաբար, մտերմաբար հորդորում եմ՝ պիտակավորումներ, գնահատականներ չտա, իսկապես, լավ տեղ չի տանում դա։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի այն արտահայտությանը, որ եթե ընդդիմադիր պատգամավորներն անվստահություն չեն հայտնում Նիկոլ Փաշինյանին, ապա նշանակում է, որ վստահում են նրան։
Հիշեցնենք, «Անկախություն» շարժման առաջնորդ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ բաց նախաձեռնություն կա՝ վարչապետին անվստահություն հայտնելու և նշել էր, որ բոլոր պատգամավորները դրան կարող են միանալ։ Ինչպես նաև MediaHub.am-ի հետ զրույցում վերջինս նշել էր, թե այս պահին ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկին։
«Ես չգիտեմ, իրենք պիտի իրենց դիրքորոշումն արտահայտեն, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր վայելում է ԱԺ-ի բոլոր 107 պատգամավորների վստահությունը, որովհետև որևէ մեկը դրա հակառակը չի ապացուցել՝ օրենքով, փաստաթղթով, ստորագրությամբ»,- մասնավորապես ասել էր նա մեզ հետ զրույցում։
Գեղամ Նազարյանի խոսքով՝ Էդգար Ղազարյանը հիմա չէ, որ պետք է համոզվի՝ ընդդիմությունը պայքարում է Փաշինյանի դեմ.
«Մենք բոլորս անդադար անվստահություն ենք հայտնում, այդ ռեժիմի դեմ պայքարում ենք։ Եթե իր նպատակները բարի են, հանուն Հայաստանի են, այս վարչախմբից ազատվելու համար է պայքարում, նման հայտարարություններ անելու իմաստը ո՞րն է, ինչո՞ւ է պիտակավորում Նիկոլի դեմ պայքարողներին։ Այս հարցն էլ խնդրում եմ՝ Էդգարին եղբայրաբար փոխանցեք»,-ասաց նա։
Նազարյանի խոսքով՝ տեղի ունեցողի մասին Էդգար Ղազարյանը շատ լավ տեղյակ է և գիտի, թե առհասարակ քանի ստորագրություն և ինչքան ժամանակ է պետք իր առաջարկը կյանքի կոչելու համար։
«Մենք չենք կարող սկսել մի գործընթաց, որի համար այս պահին բավարար պայմաններ չկան, բացի դա, չհաջողելու դեպքում, կես տարի մենք չենք կարող այդ գրծիքակազմից օգտվել․ սա նշանակում է, որ պետք է խաղանք հակառակ դաշտում: Մենք հո՞ չենք գնա նման քայլի։ Էլ ո՞նց ասեմ, չի կարելի մանիպուլյացիներով զբաղվել, առանց այն էլ վատ ժամանակներում ենք ապրում»,-հավելեց Նազարյանը։
Լիաննա Թորոսյան