ՊԵԿ նախագահի տեղակալներին կամաց-կամաց համահարթեցնում են

Պետեկամուտների կոմիտեն վերջին մեկուկես տարում մաքսային ոլորտը ղեկավարող երեք տեղակալ փոխեց։ Հեռացող երկու տեղակալները կին էին՝ Շուշանիկ Ներսիսյանը և Ծովինար Սողոմոնյանը, հիմա նրանց տեղը զբաղեցնում է Կարեն Թամազյանը, որը հարկային ոլորտից է տեղափոխվել մաքսային։
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Mediahub-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են հաճախակի փոխվում իր տեղակալները, ասաց․
«Հաճախակի չեն փոխվում, Ծովինար Սողոմոնյանն է նշանակված եղել, որը որոշում է կայացրել՝ իր գործունեությունը մասնավոր ոլորտում շարունակի, դա իրեն ավելի հոգեհարազատ է եղել, հարգանքով ենք վերաբերվել այդ որոշմանը, և հիմա, էսպես, ուղղակի՝ մաքսային գծով, հարկային գծով, դրանք բոլորը ֆորմալություններ են․ կա Պետական եկամուտների կոմիտե, կա նախագահ, կան տեղակալներ։ Տեղակալները թե՛ որոշակի ոլորտային տրամաբանությամբ են, թե՛ կարևոր նախագծերով։ Այսինքն՝ մենք քիչ-քիչ պետք է ձերբազատվենք, հա՞, որ մի տեղակալը մաքսային գծով է պատասխանատու, մյուսը՝ հարկային․․․»։
-Համահարթեցնո՞ւմ եք, այդ իմաստով, տեղակալների պաշտոնները։
-Կարելի է ասել, որ որոշակի առումով՝ այո, բայց ֆորմալ դեռ կարող ենք ասել, որ կա մաքսային գծով տեղակալ՝ Կարեն Թամազյանն է, որն աշխատել է հարկայինում, հիմա տեղաոխվել է այս ոլորտ։
-Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Շուշանիկ Ներսիսյանն էլ ինչ-որ մի պահից որոշեց գնալ մասնավոր ոլորտ, որովհետև դա իրեն ավելի հոգեհարազատ էր, հիմա էլ, կարծես, ԱՄՆ-ում է։ Հետո մյուս կին փոխնախագահը որոշեց պետական ապարատից տեղափոխվել մասնավոր։ Սա տարօրինա՞կ չէ Ձեզ համար․ չե՞ն կարողանում, թե՞ չեն դիմանում այդ համակարգում։
-Չէ, ես տիկին Սողոմոնյանի հետ խոսել եմ, ինքն ի սկզբանե իմ խնդրանքով է վարչապետի աշխատակազմից եկել Պետեկամուտների կոմիտե, իր աշխատանքն արել է որոշակի մասով, իհարկե, դեռ շատ պլաններ ունեինք իրար հետ, բայց, բնականաբար, մարդ է՝ կայացնում է իր որոշումը։ Հակառակ տեսանկյունից նայեք՝ Դուք կմտածեի՞ք, որ որևէ մեկն, օրինակ, մինչև 2018 թվականը կասեր՝ ես չեմ ուզում լինել մաքսային գծով տեղակալ ու կգնար մասնավոր ոլորտում աշխատելու։ Դուք այդ տեսանկյունից էլ նայեք։
-Եթե մինչև 2018 թվականը մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են եղել ու ղեկավարել են ոլորտը, նորմալ է, որ մնացել են այդ ոլորտում։ Այս դեպքում գուցե իրենց ուժերից վեր է եղել այդ ոլորտը ղեկավարելը, որովհետև բարդ ոլորտ է մաքսայինը։
-Չէ, տիկին Սողոմոնյանի ուժերից վեր չի եղել, ինքը բավականին հաջող բարեփոխումներ է կարողացել իրականացնել, և այդ ընկալումները՝ թե՛ ներսի, թե՛ դրսի, որ․․․ Ինչպե՞ս պիտի գնահատենք՝ իր ուժերի սահմաններում է, թե ոչ, հաճախ ինչ-որ նախապաշարմունքների վրա հիմնված, որ պետք է խիստ լինի, խիստ դեմքով լինի կամ, չգիտեմ, ինքը ուժեղ է կառավարում և այլն, կառավարման որակը գալիս է նրանից, թե ինչ հաջողությամբ ենք բարեփոխումներ իրականացնում, ինչպես ենք մեր ծառայությունների որակը բարելավում և ինչպես ենք մեր հիմնական խնդիրը ֆիսկալ մասով կատարում։
-Հիմա Կարեն Թամազյանը որքանո՞վ է կարողանում կառավարել մաքսային ոլորտը։
-Իմ կարծիքով՝ շատ լավ տիրապետում է և շատ լավ իրականացնում է։
-Մաքսային ոլորտի մասին միշտ խոսել են, որ կոռուպցիոն ռիսկերն այնտեղ շատ բարձր են, և գուցե մաքսային ոլորտի ղեկավարը կարող է այդքան ներգրավված կամ տեղեկացված չլինեն, բայց շատ մաքսատների ղեկավարներից մինչև շարքային մաքսավորներ թաթախված լինեն կոռուպցիայի մեջ։ Հիմա Դուք, օրինակ, վերջին մեկ տարվա կտրվածքով կոռուպցիոն աղմկահարույց դրվագներ հայտնաբերե՞լ եք, պատժվողներ եղե՞լ են։
-Այո, հայտնաբերել ենք, տվել ենք համապատասխան հաղորդագրություն, ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդումներ մեր բացահայտումների հետ կապված, եղել է թե՛ Մեղրիի մաքսակետում, թե՛ Բագրատաշենի մաքսակետում, և հիմա էլ ունենք հայտնաբերած բավականին խոշոր դեպք, և այդ մասով ևս ներկայացվել է հաղորդում։
-Դուք հասկացե՞լ եք, թե հիմնականում ի՞նչն է մաքսավորներին դրդում կոռուպցիայի, էլի ցածր աշխատավա՞րձն է, թե՞ նախկինից եկած ավանդույթներն են, որոնցից չեն ձերբազատվում։
-Շատ բարդ է գնահատելը դրա հոգեբանական նրբերանգները, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ աշխատավարձով այդ հարցը լուծվելու է։ Իհարկե, դա կարևոր կոմպոնենտներից մեկն է, բայց ամենակարևորը չէ, էսպես ասեմ։
-Իսկ կարգոները նախկինի պես էլի աշխատո՞ւմ են հիմա։
-Ձեր իմացած թղթապանակներով՝ ոչ, չեն աշխատում, իրենք ներկայացնում են հայտարարագիրն այնպես, ինչպես բոլոր մյուս տնտեսվարողները։
Վահե Մակարյան