Բեռնաթափվե՞ց կենտրոնը․ տրանսպորտի վարչության պետի պատասխանը

Բեռնաթափվե՞ց կենտրոնը․ տրանսպորտի վարչության պետի պատասխանը

Երևանի քաղաքապետարանը այս տարվա հունվարի 1-ից թանկացրեց մայրաքաղաքում «կարմիր գծերում» կայանելու դրույքաչափը՝ 12.000 դրամից դարձնելով 160.000 դրամ։ Նպատակը կենտրոնի բեռնաթափումն էր, բայց համացանցում վարորդները, ցույց տալով շարունակվող խցանումներն ու խիտ երթևեկությունը, հռետորական հարց են բարձրացնում՝ բեռնաթափվե՞ց կենտրոնը։

Նույն հարցը MediaHub-ն ուղղեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին՝ բեռնաթափվե՞ց կենտրոնը։

«Այս պահին հստակ վերլուծություն դեռ արած չկա, բայց անզեն աչքով, որ նայում ենք, կայանատեղերի մեծ մասը բավականին ազատ են, բացի դրանից՝ ընդհանուր երթևեկության մեջ էլ խցանումներն այդքան շատ չեն, բայց միանշանակ պետք է ասել, որ տարեսկիզբ է, դեռ ոչ բոլորն են աշխատանքի դուրս գալիս, դրա համար հստակ վերլուծություն անելը, որ այս պահի դրությամբ կարողանանք մատնանշել, սխալ կլինի, որովհետև այդ հոսքերի նվազումը կարող է պայմանավորված լինել առաջին հերթին մարդկանց՝ դեռ աշխատանքի դուրս չգալու հետ»,- ասաց Վազգեն Հարությունյանը։

Իսկ եթե մի որոշ ժամանակ անցնի, և հասկանան, որ այդ թանկացումը, իրականում, լուծում չէր, և կենտրոնը չի բեռնաթափվում, կվերանայե՞ն որոշումը, Հարությունյանն ասաց․ «Որոշումը ես չեմ կայացրել, որ վերանայեմ, որոշումը կայացրել է Երևան քաղաքի ավագանին, իսկ արդյունքների հետ կապված մենք միշտ մատնանշել ենք, որ դա ամբողջությամբ խնդիրը չի լուծելու, այլ ազդեցություն է ունենալու որոշ չափով»։

Վահե Մակարյան