Չինաստանը սմարթֆոնի կորպուսի համար ինքնասառեցվող նյութ է մշակել

Ուհանի համալսարանը, OPPO ընկերության հետ համագործակցությամբ, սմարթֆոնների կորպուսի համար նոր տեսակի սառեցնող նյութ է մշակել, գրում է «Սինհուան»:
Նոր նյութի ջերմակարգավորման մեխանիզմը, որը կոչվում է Glacier Mat, նման է գոլորշիացմամբ տիեզերանավի սառեցման գործընթացին կամ մարդու մարմնին, որը ջերմությունը քրտինքի միջոցով է ցրում: Նյութը կարող է ինքնաշրջանառվող գոլորշիացման սառեցում իրականացնել:
Դրանում ջերմակարգավորումն իրականացվում է ֆիզիկական հատկությունների շնորհիվ եւ չի պահանջում լրացուցիչ էլեկտրաէներգիայի կամ էներգիայի այլ ձեւերի ներգրավում:
Երբ սմարթֆոնը շատ է տաքանում է, նյութը ջրի գոլորշիացման միջոցով հեռացնում է ջերմությունը։ Իսկ երբ սառչում է, նյութը ներծծում է խոնավությունը՝ կորպուսի ջերմաստիճանը կարգավորելու համար։
Փորձի ընթացքում մշակողները եկել են այն եզրակացության, որ մեկ ժամ նույն պայմաններում շարունակական օգտագործման դեպքում վերը նշված նյութից պատրաստված կորպուսով սմարթֆոնը 2,3 աստիճանով ավելի սառն է եղել, քան սովորական սմարթֆոնները։
Այս պահի դրությամբ նկարագրված տեխնոլոգիան արդեն օգտագործվում է վերջերս թողարկված OPPO սմարթֆոնի պաշտպանիչ կորպուսում։ Մշակողները պնդում են, որ ապագայում այն հնարավոր կլինի նաեւ համակարգիչներում եւ արեւային մարտկոցներում ներդնել։
Նոր նյութի ծառայության ժամկետը դեռ որոշված չէ։