Վահրամ Դումանյանը հրաժարական կտա՞ 

Վահրամ Դումանյանը հրաժարական կտա՞ 

Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, որ հրաժարական եմ տալու։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ նախարարությունում փոփոխություններ են սպասվում։ 

Նրա խոսքով՝ դա իր համար նորություն էր.
«Հենց նոր լսեցի այդ միտքը։ Նախարարությունում փոփոխությունների մասին միտքը նոր է ինձ համար»,- ասաց նա։ 


Մեկ այլ հարցի՝ բուհերն Աշտարակ տեղափոխելու թեման շարունակում է քննարկվել, ի՞նչ է սպասվում Երևանում մնացող բուհերին և ի՞նչ ծախսեր են լինելու, Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ ցանկացած ծախս, որը միտված է կրթության որակը բարելավելուն, արդարացված է։ «Ակադեմիական քաղաք ստեղծելու նախագիծն անցնում է գործնական փուլ։ Չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է հստակ, բովանդակային մոտեցում, և ես գաղափարին դրական եմ վերաբերում։ Մենք պետք է մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր ունենանք։ Դա լիովին հնարավոր է իրականացնել Աշտարակում»,- նշեց Դումանյանը; 

Նա շեշտեց, որ ԵՊՀ շենքը մնալու է ԵՊՀ շենք։ Հարցին, թե դասապրոցես կլինի այնտեղ, ի՞նչ է լինելու, Դումանյանը նույն պատասխանը տվեց՝ ԵՊՀ շենքը մնալու է ԵՊՀ շենք.
«Տասն անգամ էլ հարցնեք, նույնը կասեմ։ Անլուրջ է միտքը, թե ԵՊՀ շենքը դառնալու է հյուրանոց։ Արժանի չեմ համարում, որ կառավարության շենքում նման անմիտ մտքեր քննարկենք»,- նկատեց Դումանյանը։ 


Նա նաև ասաց, որ դեռ չի քննարկվել, թե ԵՊՀ շենքը ինչի է ծառայելու, սակայն ևս մեկ անգամ կրկնեց, այն շարունակելու է մնալ ԵՊՀ-ական։