Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (20.12.2023)

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վաղը կայցելի Երևան: Հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Տասմագամբետովը պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքները: 
2. Գազայի հատվածում երկրորդ անգամ մարդասիրական հրադադար հայտարարելու հնարավորության շուրջ ակտիվ բանակցություններ են տեղի ունենում Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ։ Այդ մասին՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը, հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվում է հրադադարի տարբերակ, որով «Համաս»-ը կազատի իսրայելցի պատանդներից մի քանիսին, ինչի դիմաց Իսրայելը կազատի պաղեստինցի գերիներին:
3. Մոսկվայում մասնավոր այցով գտնվող Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ բացարձակ մասնավոր առանձնազրույց է եղել: 
4. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարին ամփոփող ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է, որ զինվորականներն առաջարկում են 450-500 հազար մարդ մոբիլիզացնել բանակ, սակայն որոշում դեռևս ընդունված չէ։ Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաներն ու բարձրաստիճան զինվորականները քննարկելու են այդ «շատ զգայուն» հարցը, ինչից հետո այն դիտարկելու է խորհրդարանը։ 
5. Քենիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 174-ի, հայտնում է Քենիայի Capital FM ռադիոկայանը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների արձագանքման հրամանատարական կենտրոնի հայտարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 120 զոհերի մասին։