Եթե Արցախը հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանը պատերազմով վերցրեց այն․ Խամոյանը՝ Փաշինյանին

5 տարի է իշխանության եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությոնների բանակցած փաստաթղթերից, քան ձեր բանակցածից, չնայած նրան, որ 2019թ․-ին, խաչ քաշելով ամբողջ բանակցային գործընթացի վրա հայտարարեցիք, որ բանակցությունները սկսում եք ձեր կետից․ ԱԺ-ում, դիմելով Փաշինյանին, այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորի  խոսքով՝  նախորդ երեք իշխանությունների ժամանակ բանակցված ցանկացած փաստաթուղթ, եթե կյանքի կոչվեր, շատ ավելի լավն էր լինելու, քան այն, ինչ ունենք այս իշխանության կառավարման հետեւանքով։ 

«Վերջին շրջանում ստեղծված իրավիճակի մեղավորներ նախկիններից, դինոզավրերից այն կողմ հռչակել եք նաեւ հայ ժողովրդին, իր գենետիկ կոդը, այսօր էլ պարզվեց, որ պատմությանը նայելու դիտանկյունը պետք է փոխվի։ Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ խոսել եք Թուրքիայի դերակատարության մասին, վարձկաններից էիք խոսում, նշում էիք, որ Թուրքիան է որոշումներ կայացնում։ Այսօր այնպես եք խոսում երկրաշարժային դիվանագիտության մասին, մարդ քիչ է մնում հուզվի։ Մադրիդյան փաստաթուղթը ներառել եք ձեր նախընտրական ծրագրում, հիմա հայտարարում եք, որ դրանում ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ Կազանում Ադրբեջանը փաստաթուղթը ստորագրելուց հինգ պակաս հրաժարվեց, եթե Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց պատերազմով վերցնել Արցախը, եթե Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Այս եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ ձեր տարատեսակ դիրքորոշումները ե՞րբ են փոխվել, դուք ի՞նչ պայմաններում էիք գտնվում, որ ձեր դիտանկյունն այս հարցերի վերաբերյալ փոխվեց»։

Մանրամասն՝ տեսանյութում: