Փաշինյանը չի հասկացել 

Փաշինյանը չի հասկացել 

Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` «դուք, այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել»։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- նշել է նա:

Հայ-ռուսական հարաբերություններում աննախադեպ ճգնաժամ է, հարաբերությունների վատթարացումը հասել է անշրջելիության կետին, ու այդ փաստը երկուստեք ընդունվում է ամենաբարձր մակարդակով:

Այս համատեքստում առնվազն տարակուսելի է, երբ Մոսկվայից կամ Երևանից միայն դիմացինին են մեղադրում ճգնաժամի համար:

Այդպես չի լինում. օրինակ, Ռուսաստանը բարեխիղճ չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները և այս փաստն առնվազն պետք է ընդունի՝ հետևություններ անելու համար:

Բայց արդյո՞ք Հայաստանը մինչև վերջ հավատարիմ է մնացել դաշնակցային հարաբերությունների ոգուն: Իհարկե, ոչ: Հենց Հայաստանի իշխանություններն են ընդունում, որ դեռևս 2021-ի դեկտեմբերից սկսել են մի գործընթաց, որը միտված է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանը, Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոյի փոփոխությանը:

Կամ՝ ի՞նչ անուն տաս ուկրաինական ուղղությամբ Փաշինյանի և նրա ընտանիքի քայլերին, Աննա Հակոբյանի՝ Բուչա ցուցադրական այցին:

Ինչո՞ւ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, երբ գրեթե ակնհայտ է, որ հրաժարվելու է Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հարցերից:

Սրանք հարցեր են, որոնք միանշանակ պատասխաններ չունեն: Եվ առհասարակ, Երևանում և Մոսկվայում պետք է հրաժարվեն փոխադարձ մեղադրանքներից ու նոր որակի հարաբերություններ կառուցեն, եթե, իհարկե, նպատակը հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարումն է:

Վահրամ Բագրատյան