Հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո, հիմա մենք դա ՀՀ համարո՞ւմ ենք
«Դուք ձախողել եք։ Դա նաև ձեր գնահատականն է։ Այո՛, ձախողել եք»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է ժողովրդի անվտանգությունն ու պետության սահմաններն ամուր պահի։
Նրա խոսքով՝ տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում է, ասում է, թե հույս ունի, որ անվտանգություն, խաղաղություն կարող է լինել։
«Այն ժամանակ, երբ դուք ապաշրջափակման մասին եք խոսում, մեր երկրում ճանապարհներ են շրջափակվում։ Ու խաղաղությունից եք խոսում։ Տեղ գյուղ հասա՞վ անձամբ ձեր խաղաղությունը, կամ կապանցի այն ընտանիքում խաղաղություն եղա՞վ, որի անդամին ադրբեջանցին սպանել է։ Դուք ասեք, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ եք արել, որ մոտեցնեք խաղաղությունը»,- հարց հնչեցրեց Գրիգորյանը։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե քննարկումների ժամանակ Փաշինյանը հայկական կողմի վերապահումները հայտնո՞ւմ է։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն այս ընթացքում ունեցած տասնյակ ելույթների ժամանակ տվել է հնչած հարցերի պատասխանները։
«Ես եկել եմ խորհրդարան, որ մենք պրոբլեմների նոր շերտ բացենք։ Դուք կարդացե՞լ եք Ալմաթիի հռչակագրի այդ վերապահումները, գիտե՞ք՝ ինչի մասին է խոսքը, կամ այդ վերապահումները ե՞րբ են ներկայացվել»,- նշեց նա։
Փաշինյանը նկատեց՝ պետք է ի վերջո կողմնորոշվել՝ ի՞նչ նկատի ունենք ՀՀ ասելով, և ինչ ենք նկատի ունեցել։
«Սրանք շատ լուրջ հարցեր են։ Մենք պետք է հստակ արձանագրենք՝ որն է մեր սահմանը, որ հետո էլ կարողանանք ճիշտ գնահատել։ Հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո, հիմա մենք դա Հայաստան համարո՞ւմ ենք, թե՞ չենք համարում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։